ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հարցազրույց է տվել «Հայկական ժամանակ» թերթին:
«Մեր թղթակիցը նրան է ուղղել հետեւյալ հարցը. «Պարոն դեսպան, գաղտնիք չէ, որ բոլոր դեսպանատներն ունեն իրենց հատուկ ծառայությունները, եւ լավագույնները տիրապետում են տվյալ երկրում տիրող ամեն ինչին: Ձեր հատուկ ծառայությունները ձեզ ի՞նչ են զեկուցել Պարույր Հայրիկյանի մահափորձի մասին: Ո՞րն է ձեր երկրի տեսակետը, ո՞վ է կանգնած այդ մահափորձի ետեւում»:
Դեսպանը հարցին պատասխանել է հետեւյալ կերպ. «Իսկ ի՞նչ ասել է «հատուկ ծառայություն»: Հետախուզական ծառայություն, այո՞:
Առաջին հերթին քաղաքական-հասարակական իրականությունը պետք է զատել միֆոլոգիայից: Եթե դուք կարծում եք, որ «հատուկ ծառայությունները» դրանք տեսախցիկներ են Հայաստանի ամեն սյան եւ քարի վրա, կարծում եմ, որ ոչ մի վատիկանյան եւ Մոսադի հետախուզություն չի կարող Հայաստանի իրադրության մասին ավելի լավ տեղեկացված լինել, քան հայկական ծառայությունները:
Գիտե՞ն հայկական ծառայությունները ով է կանգնած մահափորձի ետեւում: Չգիտեն: Գոնե այդպես են ասում: Նշանակում է, մեկ ուրիշը նույնպես չի կարող իմանալ: Սա միֆ է: Սա լրիվ այլ զրույցի թեմա է (ժպտում է - հեղ.): Մահափորձը շատ հանելուկային պատմություն է, որովհետեւ տրամաբանական չէ այն իմաստով, որ պարոն Հայրիկյանը շատ հարգելի անձնավորություն է, նա պայքարի խորհրդանիշ է: Բայց չնայած պարոն Հայրիկյանն ինքն է ասում, որ առաջին փուլում 70 տոկոս քվե կստանա, ես դրանում համոզված չեմ: Ինձ չի թվում, թե նա երկրորդ փուլ անցնելու հնարավորություն ունեցող ֆիգուր է: Նա այն վտանգավոր մրցակիցը չի, որին չեզոքացնելու կարիք լիներ: Բոլորը միաձայն`եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը, ասում են, որ դա մահափորձ է պետականության դեմ: Ինչ-որ չափով այո: Ես համաձայն եմ նաեւ, որ դա «խփում է» իշխանությունների վարկանիշին: Որովհետեւ դա առաջին հերթին քանդում է ընտրությունների այն ուրախ պատկերը, որի մասին մենք խոսեցինք, անվտանգ եւ ապահով Հայաստանի միֆը, եւ դա արդեն ազդում է ընտրությունների գնահատականի վրա: Բայց միգուցե Հայաստանի շատ քաղաքական գործիչներ կնեղանան, ես ունեմ իրավիճակի իմ տեսլականը: Նույնիսկ եթե դա չլիներ քաղաքական մոտիվացիայով, բայց արդյունքը լինելու է քաղաքական: Սա մեկ: Երկրորդը ինձ թվում է որ, չնայած նման բաներ կարող են տեղի ունենալ ցանկացած երկրում, բայց սա հնարավոր էր, որովհետեւ Հայաստանում չի վերացել անպատժելիության մթնոլորտը: Սա ցանկացած հարթությունում, մանր եւ խոշոր հանցագործությունների:
Պատմում եմ ձեզ սա որպես անեկդոտ, կարող եք ծիծաղել, բայց ինձ համար դա շատ խոսուն էր: Կողոպտել էին իմ նստավայրը: Ես խոսեցի այն չինովնիկի հետ, ով պատասխանատու էր անվտանգության համար: Նա ասաց գիտեք, դա իմ գործը չէ: Ես սարսափեցի: Այդ բարձրաստիճան մարդու մոտ բացակայում էր զգացողությունը, թե ինչ է նշանակում «պետականություն»: Սեփական երկրի համար պատասխանատվության զգացողությունը պետք է բոլորին պատասխանատվության տանի ոչ միայն սեփական տեղամասի համար:
Ես կարծում եմ, որ անկախությունից հետո Հայաստանի համար ամեն ինչ չէ, որ հարթ է եղել։ Քաղաքական գործիչը չի կարող խուսափել պատասխանատվությունից իր գործունեության համար եւ ոչ թե այնտեղ, հեռավոր աշխարհում, այլ այստեղ: Խոսք կա՝ «կմախքներ պահարանում»: Միայն անհեռատես քաղաքական գործիչներն են կարծում, որ կարելի է թաքցնել այդ կմախքները: Ես հուսով եմ, որ ցավալի իրադարձությունը չի ազդի ոչ ընտրությունների արդյունքների, ոչ էլ քարոզարշավի վրա: Բայց մի բան փաստ է տոնն արդեն փչացված է...»»,- մեջբերում է «Հայկական ժամանակը»:





























