«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական գործիչները մշտապես ունեցել են մի խնդիր` նրանք մոռանում էին իրենց պայքարի հիմնական թիրախի մասին եւ սկսում էին պայքարել իրար դեմ: Ենթադրենք, դուք կարծում եք, որ Հայաստանի նախագահ դառնալով` կվերացնեք արտագաղթը, կոռուպցիան, 10 կամ 100 անգամ կբարձրացնեք մարդկանց աշխատավարձերն ու թոշակները, ինչպես նաեւ ժողովրդավարություն եւ արդարություն կհաստատեք: Հետեւաբար` ձեր բոլոր հարվածները պետք է ուղղված լինեն գործող նախագահի դեմ: Բայց արի ու տես, որ հարվածների կեսից ավելին հասնում է մնացած հավակնորդներին, որոնք նույն նպատակներն ունեն: Եվ ստացվում է, որ այդ մարդիկ իրենց էներգիան ծախսում են իրար կասկածելու, իրար մեղադրանքներին պատասխանելու եւ, այսպես ասած, դիմակը պատռելու վրա:
Այսպիսի մի «լոկալ պատերազմի» պատրվակ էր Պարույր Հայրիկյանի որոշումը` չդիմել ՍԴ` ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու համար: Թե ում սոխը այդ երկու շաբաթում սոխեռած պիտի դառնար` այնքան էլ պարզ չէ: Բայց դա լավ առիթ էր սեփական «արմատական ընդդիմությունը» ցույց տալու եւ Հայրիկյանի` «իշխանության հետ գործարքը» բացահայտելու համար:
Հայրիկյանին` ընտրությունները չհետաձգելու համար կշտամբանքներին զուգահեռ` կարծես թե փոքր-ինչ նենգափոխվում է բուն ընտրությունների նպատակը: Անդրիաս Ղուկասյանի ներկայացուցիչը չի բացառում, որ իր թեկնածուի հացադուլը կարող է ընտրարշավում անհաղթահարելի խոչընդոտ դառնալ: Նախագահի մեկ այլ թեկնածու` Վարդան Սեդրակյանը (հավանաբար, կեսկատակ), ասում է, որ նա էլ է կարող իր համար քարոզարշավին մասնակցելու անհաղթահարելի խոչընդոտ ստեղծել: Նա կայրի իր ավտոմեքենան սուպերմարկետներից մեկի մոտ եւ հետո դրանում կմեղադրի ռուսական կամ ամերիկյան իմպերիալիստներին: Ըստ էպոսագետ թեկնածուի` նրա ավտոմեքենան ավելի թանկ է, քան Պարույր Հայրիկյանը: Նախ` կարծում եմ, որ նույնիսկ ամենաանպետք, ամենահրեշավոր մարդու կյանքը շատ ավելի թանկ է, քան աշխարհի ամենաթանկ մեքենան: Երկրորդ` ընդդիմության նպատակը պետք է լինի, որքան հասկանում եմ, ոչ թե ընտրությունների հետաձգումը կամ նույնիսկ տապալումը, այլ հաղթանակը եւ սեփական գաղափարների ու սկզբունքների հիման վրա պետության կառուցումը: Մնացած գործողությունները, այսպես ասած, «թեթեւ ժանրից» են:
Արդեն հայտնի է, թե ովքեր են այս ընտրությունների «չեբուրաշկաները»` նրանք Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումների ժամանակ բոցաշունչ ճառեր արտասանող «կթվորուհիներն» են: Կամաց-կամաց պարզ է դառնում, թե ովքեր են այս ընտրություններում Շապոկլյակի դեր խաղում»»,-գրում է «Առավոտը» :





























