ԱՄՆ-ում կրեդիտ քարտերի հետ կապված պատմության մեջ խոշորագույն խաբեությունն է բացահայտվել, որի միջոցով խաբեբաներին հաջողվել է նվազագույնը 200 մլն դոլար առեւանգել: Մեղադրանքներ են ներկայացվել հանցախմբում ընդգրկված 18 մարդու: Գործի հետաքննությունը դեռ շարունակվում է, եւ առեւանգված  գումարի ծավալը կարող է աճել:

Իրավապահների տվյալով՝ հիմնականում Նյուարք քաղաքում հաստատված խաբեբաները 2007թ.-ից ի վեր կիրառել են անձը հաստատող մոտ յոթ հազար կեղծ փաստաթղթեր, կոմունալ վճարումների կեղծ հաշիվներ եւ այլ փաստաթղթեր՝ դրանց օգնությամբ 25 հազար կրեդիտ քարտ ստանալով, գրում է Associated Press-ը:

Քարտերը ստանալուց հետո խաբեբաները դրանք կիրառել են ոչ մեծ գումարներ վճարելու համար՝ վարկային պատմությունը բարելավելու համար ժամանակին կատարելով պարտավորությունները: Վարկառուների վարկանիշներն այդկերպ բանկերում աճել են, ու բանկերը վարկային նոր հնարավորություններ են տրամադրել: Սակայն մեծ գումարներ ստանալով՝ վարկառուներն անմիջապես հաշվից հանել են ամբողջ գումարը:

Ըստ իրավապահների՝ հանցախումբը գործել է 28 նահանգներում, ստացված միջոցները տեղափոխվել են Պակիստան, Հնդկաստան, ԱՄԷ, Կանադա, Ռումինիա, Չինաստան եւ Ճապոնիա, գրում է lenta.ru-ն:

Իշխանություններն առայժմ չեն հայտում խաբեբաների ինքնությունը: Հայտնի է միայն, որ 18 մեղադրյալների հսկողության տակ են վերցրել որոշ ժամանակ առաջ, նրանցից երեքն արդեն խոստովանել են մեղքը: Մնացած 14 մեղադրյալներին՝ բոլորն էլ ԱՄՆ-ի քաղաքացիներ, Նյուարքի դատարանում փետրվարի 5-ին բանկային ոլորտում մեքենայությունների մեղադրանք է ներկայացվել: Նրանց առավելագույն պատիժն է սպառնում՝ 30 տարվա ազատազրկում եւ մեկ մլն դոլար տուգանք: