Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Քեզերաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի: Այս մասին փետրվարի 5-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին:

«Քեզերաշվիլին մեղադրանք է առաջադրվել, նախնական խափանման միջոց է ընտրվել եւ, իհարկե, հետախուզում հայտարարվել»,-ասել է դատախազը, հավելելով, որ նրա գտնվելու վայրի հետ կապված տարբեր տեղեկություններ կան, բայց դա ՆԳՆ իրավասության հարց է, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի պաշտպանության  նախկին նախարար Դավիթ Քեզերաշվիլիին առանձնակի խոշոր չափերի կաշառք վերցնելու, գումարների շորթման եւ էթիլ սպիրտի մաքսանենգությանն աջակցելու մեղադրանք է ներկայացվել։

Քննության տվյալով`  Քեզերաշվիլին, չարաշահելով պաշտոնական դիրքը, 2007թ. մի շարք գործարարների աջակցել է Ուկրաինայից Վրաստան առանց մաքսավճարի սպիրտ ներկրելու  գործում: Քեզերաշվիլիի գործունեության հետեւանքով պետությանը պատճառված վնասը քննիչները գնահատել են 50 միլիոն դոլար: Ըստ նրանց` նախկին նախարարն անձամբ մեքենայությունների արդյունքումստացել է 12 միլիոն դոլար:

Քեզերաշվիլիին մեղադրանք են ներկայացրել Վրաստանի ՔՕ չորս հոդվածներով: Նախկին նախարարին սպառնում է 11-15 տարվա ազատազրկում:

«Գռուզիա օնլայնը» հայտնում է, որ Վրաստանի պաշտպանության նախկին նախարարն ունի երկքաղաքացիություն` Վրաստանի եւ Իսրայելի:

Նշվել էր նաեւ, որ Իսրայելում, հնարավոր է` բանակցություններ սկսվեն Դավիդ Քեզերաշվիլիի հանձման հարցով: Ինչպես հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին` թեեւ Քեզերաշվիլին երկրում չէ, դատախազությունն, այնուամենայնիվ, հեռակա կարգով նրա ներհանձնման համար միջոցներ ձեռնարկելու խնդրանքով դատարանին կդիմի: Միաժամանակ, Իսրայելի օրենքներն արգելում են սեփական քաղաքացիներին այլ պետության հանձնել: