Դաղստանում վերացրել են Մոսկվայի մետրոյում 2010թ. մարտի 29-ի ահաբեկչությունների կազմակերպչին, որոնց հետեւանքով 40 մարդ զոհվել, 100-ից ավելին տուժել էին:
Քննության տվյալով՝ Հուսեյն Մագոմեդովը մահապարտուհի Մարիամ Շարիպովային եւ Ջանետա Աբդուլաեւային Կիզլյարից ուղեկցել է Մոսկվա եւ ահաբեկչության օրը հրահանգներ տվել: Նախնական տվյալով՝ Մագոմեդովը սպանվել է իրավապահների հետ փոխհրաձգության ընթացքում, գրում է utro.ru-ն:
Հիշեցնենք, 2010թ. մարտի 29-ի առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենի երկու կայարաններում որոտացել էին հզոր պայթյուններ, որոնց հետեւանքով 40 մարդ զոհվել, 100-ից ավելին տուժել էին: Ահաբեկչությունն իրականացրել էին մահապարտ կին ահաբեկիչները:
Շուտով իրավապահները պարզել էին նրանց ինքնությունը: Իսկ ահաբեկչությունների մեկ այլ մասնակցի՝ 32-ամյա Հուսեյն Մագոմեդովի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել:
Մագոմեդովին հեռակա կարգով ահաբեկչության իրագործման մեղադրանքներ էին ներկայացրել, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը:




























