Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում առաջնահերթ նպատակը հակամարտությունների խաղաղ կարգավորումն է` բարիդրացիական հարաբերությունների հիման վրա: Այդ մասին փետրվարի 6-ին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով, անհրաժեշտ է ընդունել Ղարաբաղի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, իսկ եթե Արցախի ժողովուրդը ցանկանա, միավորվել Հայաստանի հետ: Որպես ղարաբաղյան հարցի  խաղաղ կարգավորման գրավական անհրաժեշտ է ապահովել ԼՂՀ իշխանությունների մասնակցությունը բանակցային գործընթացին` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Նաեւ, նախագահի թեկնածուի խոսքով, անհրաժեշտ է ամրապնդել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային հանրության կողմից` ապահովելով խնդրի այնպիսի լուծում, որը երաշխավորում է հուսալի ցամաքային սահման Հայաստանի հետ, իսկ Ղարաբաղն ինքնուրույն մշակի եւ իրականացնի իր ներքին եւ արտաքին քաղաքականությունը: «Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը պետք է ընթանա միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` բացառելով կանխակալ մոտեցում ուենցող որեւէ երկրի մասնակցություն»,- ասել է Հովհաննիսյանը:

Նա նաեւ նկատել է, թե հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման համատեքստում հարկավոր է, որ Հայաստանի խորհրդարանն օրակարգից հանի եւ վերանայի հայ-թուրքական արձանագրությունները. «Հայաստանը պետք է Թուրքիայից պահանջի թշնամական գործողությունների վերացում եւ շրջափակման հանում: Կողմերի համար լավագույն տարբերակը առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրությունների ստորագրումն է»: Հայ-թուրքական հաշտեցումը նաեւ ենթադրում է բոլոր պատմական ու ժամանակակից հարցերի համալիր կարգավորում, ընդհանուր պատմության, Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչում, կարծում է նախագահի թեկնածուն: