Հայաստանում ժողովրդավարական ընտրություններն անհրաժեշտ են առաջին հերթին հայ հասարակությանը: Այս մասին այսօր` փետրվարի 6-ին, Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք, բացի մեր սեփական ժողովրդից, ոչ ոքի հաշվետու չենք: Բայց մենք մեկուսացած աշխարհում չենք ապրում: Մենք ապրում ենք միջազգային հանրության մեջ եւ այդ հանրությունը բազմիցս է հանդիպել այնպիսի երեւույթների, ինչպիսիք խախտումներով ուղեկցվող ընտրություններն են: Եվ եթե մենք ուզում ենք քաղաքակիրթ լինել, ինքներս պետք է վերջ դնենք դրան: Այնուամենայնիվ, որոշ դրական առաջընթաց մենք ունեցել ենք վերջին հինգ տարիների ընթացքում: Որպեսզի առաջընթացն արագացնենք, մենք պետք է լինենք ժամանակակից երկիր` ընտրական ժամանակակից մակարդակով: Մարդիկ պետք է հասկանան, որ հենց իրենք են ընտրության ճանապարհով ձեւավորում իշխանությունը: Եվ ինչքան շատ նրանք քվեարկեն թեկնածուի օգտին, այնքան մեծ կլինեն նրա հնարավորությունները` բարեփոխումներ կատարելու»,- հայտարարել է նա: