Փետրվարի 9-ին լրագրողները Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք իրականության խեղաթյուրում չէր, երբ 2008 թվականի մարտի 1-ից առաջ եւ հետո հանրային հեռուստատեսությունը տեղեկություններ էր տարածում, որ Ազատության հրապարակում ընդամենը մի քանի հազար մարդ է, այն էլ թմրամոլներ: Խոսքը վերաբերում է նրան, որ ՀՌԱՀ-ը հեռուստատեսային եթերի համար սահմանել է չափորոշիչներ, ըստ որի, չի կարելի խեղաթյուրել պատմական եւ ներկա իրողությունները:

Այս առնչությամբ, Գ. Ամալյանը պատասխան հարց ուղղեց, թե այդ ո՞ր պետական մարմինն է ապացուցել, որ դա փաստի խեղաթյուրում է:

Հարց հնչեց նաեւ, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում տեղեկությունները, ըստ որոնց նախագահի նստավայրից հրահանգ է իջեցվել հեռուստատեսություններին, որպեսզի դադարեցվեն հեռուստասերիալները, որոնց արդյունքում այս շաբաթ դրանք ավարտվելու են (Խոսքը մասնավորապես «Որբերը» եւ «Որոգայթ» սերիալների մասին է): Գ. Ամալյանը հարցին ի պատասխան նշեց, որ ինքը հետախուզական գործունեությամբ չի զբաղվում եւ լրտեսներ չունի նախագահական նստավայրում, որպեսզի իմանա նման բաների մասին:

NEWS.am-ի հարցին, թե Ձեր կարծիքով, այդ երկու սերիալները համապատասխանո՞ւմ են ստեղծվելիք չափորոշիչներին, թե` ոչ, ՀՌԱՀ նախագահը խուսափեց հստակ պատասխան տալ, սակայն ասաց, որ այդ սերիալները հեռարձակող հեռուստաընկերությունները կարող էին փոխել իրենց սերիալի կուլտուրան եւ շարունակեին հեռարձակվել, սակայն նրանք նախընտրեցին ավարտել այդ ֆիլմերի ցուցադրումը, հավանաբար, հետագայում DVD տարբերակով սերիալը վաճառելու համար:

Նա նաեւ կարծիք հայտնեց, թե իր տպավորությամբ հեռուստաեթերը նմանվել է նարկոբիզնեսի, երբ գիտեն, որ դա երեխաներին վնաս է տալիս, բայց շարունակում են անել, մտածելով, որ իրենց երեխան դրա հետ կապ չունի:

Նշենք, որ մոտ մեկ ամսից ուժի մեջ են մտնելու հեռուստատեսության եւ ռադիոյի եթերը կարգավորող չափորոշիչները, որը սահմանել է ՀՌԱՀ-ը: Ըստ այդմ՝ արգելվելու է ցերեկը եւ կեսօրին ցուցադրել էրոտիկ, սարսափ, պատմական եւ ներկա իրողությունները խեղաթյուրող հաղորդումներ ու ֆիլմեր: