Պարույր Հայրկյանը մոտ մեկ ժամ առաջ «Ֆեյսբուքի» իր էջում կատարել է հետեւյալ գրառումը. «Հունվարի 31-ի հանցագործության` մահափորձի վերաբերյալ ազնիվ հայերի համար լավ լուր ունեմ եւ տխուր լուր՝ դատարկախոս թափթփուկների համար։ Շատ բան ասել չեմ կարող: Բացահայտումն սկսված է: Կարծում եմ`պաշտոնական տեղեկատվություն էլ կլինի։

29 սմ մարմնովս անցնող վերքը լավանում է, բայց շարունակում է ցավել եւ մնալ անաշխատունակ աջ ձեռքս։ Գիշերը աչք կպցնելու համար 2 անգամ ցավազրկող եմ սրսկվել, որին խիստ դեմ եմ։ Հիմա էլ անտանելի ցավը շարունակվում է: Լավ լինենք»:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, թե երեկ երեկոյան ձերբակալվել է այն անձը, ով կրակել է Պարույր Հայրիկյանի վրա: Առայժմ իրավապահ մարմինները ոչ հերքել, ոչ էլ հաստատել են այս տեղեկությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Պարույր Հայրիկյանը չի դիմելու ՍԴ` ընտրությունները հետաձգելու հարցով: Դրանք կկայանան փետրվարի 18-ին, ինչպես նախատեսված են: Իր այս որոշումը Հայրիկյանը բացատրել է նրանով, որ չի ցանկանում նպաստել բռնությամբ քաղաքական կյանքը փոխելու ծրագրերին:

Հիշեցնենք, որ  Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ: