Ընտրազանգվածին կողմնորոշելու համար ՀՅԴ-ն առաջիկայում նոր հայտարարություն կանի: Այս մասին, այսօր` փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքով` երբ այս ընտրություններն ավարտվեն, իրենց պայքարը կշարունակվի:

«Ես վստահ եմ, որ շատ ժամանակ չի անցնի, երբ մեր առաջարկած 7 կետից բաղկացած առաջարկները քաղաքական բավականին մեծ բագաժ կընդունեն նրանք, ովքեր կգան իշխանության: Ինչպես որ, մեր «Քվեն ուժ է» կարգախոսն են դարձրել քաղաքական լոզունգ»,- ասաց Վահան Հովահնիսյանը եւ ավելացրեց, որ նոր վերադասավորումներ անպայմանորեն կլինեն, ինչ-որ նոր կոալիցիա, քաղաքական դաշինք անպայմանորեն կկազմվի:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ մի քանի թեկնածուներ միավորվեն, քանի որ Պարույր Հայրիկյանն ասում է, որ ընդդիմադիր թեկնածուների միավորումն իրավիճակը կարող է փոխել, դաշնակցական գործիչը պատասխանեց. «Ճիշտ է ասում, կարող է փոխել, բայց, երբ յուրաքանչյուր թեկնածու այդ մասին ասելով նկատի ունի, որ միավորվելու են հենց իր շուրջ, այստեղ արդեն ամեն ինչ գլորվում  է ձորը: Իսկ ես դեռ չեմ տեսել մեկին, որ ասի, թե ես պատասրտ եմ հանել իմ թեկնածությունը հոգուտ այ էս մարդու»:

Ինչ վերաբերում է նախագահի թեկնածու, հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանին, Հովհաննիսյանն ասաց, որ իր կարծիքով նա ընտրել է ճիշտ քաղաքական դիրք: «Ինքը փաստորեն որպես թեկնածու մտնելով պայքարի մեջ, իր պայքարով փորձում է այդ պայքարի անարդար լինելը ցույց տալ ժողովրդին: Նա անում է մտնելով պայքարի մեջ, ինչը մենք անում ենք առանց մտնելու: Իսկ Անդրիասն ասում է, ես մտա, որպեսզի ցույց տամ, որ անարդար է: Սակայն նրա առողջական վիճակը մտահոգիչ է»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am