Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ՀՀ նախագահի թեկնածուի առողջական վիճակի նկատմամբ մտահոգությունից բխող այսօր տարածած հայտարարության առաջարկով, ժամը 14-30-ին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը կայցելի Անդրիաս Ղուկասյանին` տեղում ծանոթանալու նրա առողջական խնդիրներին, քննարկելու առողջական վիճակի գնահատման կազմակերպման հարցերը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ԿԸՀ-ն հայտնում է իր մտահոգությունը Հանրապետության նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի շարունակման վերաբերյալ, հատկապես նկատի ունենալով վերջին օրերին լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը` կապված պարոն Ղուկասյանի առողջական վիճակի վատթարացման հետ:
ԿԸՀ-ի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Մտահոգ լինելով Հանրապետության նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակով` հորդորում ենք պարոն Ղուկասյանին դադարեցնել հացադուլը եւ ձեռնարկել քայլեր առողջական վիճակի բարդացումներից խուսափելու համար:
Միաժամանակ, դիմում ենք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` Հանրապետության նախագահի թեկնածուի առողջական վիճակը անհապաղ դարձնել մասնագիտական քննարկման առարկա եւ հայտնել մասնագիտական կարծիք»:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել հունվարի 21-ին` «վերջ տալ շինծու ընտրություններին» կարգախոսով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























