Հայ ազգային կոնգրես դաշինքը կա եւ այդ դաշինքին ոչինչ չի լինելու: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ համակարգող, համանուն խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀԱԿ կուսակցության ստեղծմանը:
«Եթե ցանկանում են դաշինքը պահպանել, ուրեմն դաշինքը պահպանվում է, կուսակցության ստեղծումը ոչնչով չի հակասում դաշինքի գործունեությանը»,-ասաց նա: Լեւոն Զուրաբյանը շեշտեց, որ սա Կոնգրեսի ներսում անհատների եւ քաղաքական ուժերի ազատ կամարտահայտման վրա կառուցվող գործընթաց է, միավորվում են սերտ, հզոր համագործակցության համար, ինչը ոչնչով չի խանգարում Կոնգրեսի աշխատանքներին:
ՀԱԿ համակարգողը նշեց, որ կանխատեսում չի կարող անել՝ ՀԱԿ դաշինքը կմնա, թե` ոչ, բայց բոլոր այն ուժերը, որոնք ցանկանում են պահպանել ՀԱԿ դաշինքը, կպահպանեն:
«Եթե ՀԱԿ-ի մասնակից կուսակցությունները ցանկանան պահպանել այդ դաշինքը, ոչինչ չի խանգարելու նրանց դա անել»,- ասաց նա, հավելելով, որ ՀԱԿ կուսակցությանը կմիանան այն ուժերը, որոնք իրենց համագումարներում նման որոշում կկայացնեն:
Լեւոն Զուրաբյանը նշեց, որ նոր ստեղծվելիք կուսակցությունը պահպանելու է իր դաշնակցային հարաբերությունները մյուս կուսակցությունների հետ: «Մեր նպատակն է՝ ստեղծել այս կուսակցությունը, երկրորդ՝ պահպանել դաշինքային հարաբերությունները շարժման մաս կազմող կուսակցությունների հետ, դրանք հակասության մեջ չեն մտնում: Հանգիստ կարող ենք անել եւ մեկը, եւ մյուսը»,- ասաց նա:
Իսկ թե ով կղեկավարի ստեղծվելիք կուսակցությունը, ՀԱԿ համակարգողն ասաց, որ ամեն ինչ անելու է եւ ցանկանում է, որ կուսակցությունը ղեկավարի Լեւոն Տեր-Պետրոսյանը, բայց դա իր որոշումով չէ:





























