Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Թուրքիայի բնակչության աճի տեմպերի դանդաղեցմանը, օրինակ է բերել Թուրքիայի ներքին գործերի արդեն նախկին նախարար Իդրիս Նաիմ Շահինին։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Էրդողանը հանդիպել է Սեւծովյան շրջաններից ընտրված պատգամավորների հետ, որի ընթացքում խոսել է Թուրքիայի բնակչության աճի տեմպերի դանդաղման մասին։ Էրդողանը, երկրում բնակչության թվի աճի համար կրկին խորհուրդ է տվել շատ երեխաներ ունենալ եւ օրինակ բերել ՆԳ նախկին նախարար Իդրիս Նաիմ Շահինին՝ նրան փաղաքշորեն անվանելով Իդրիսչիկ։ «Իմ Իդրիսչիկը Օրդույում բնակչության աճի համար շատ բան է արել։ Նա 6 երեխա ունի։ Դուք ի՞նչ ունեք»,-հարցրել է Էրդողանը։
Նշենք, որ Թուրքիայի վիճակագրական վարչության վերջին տվյալներով Թուրքիայի արեւելյան հատվածներում, որտեղ հիմնական բնակչությունը քրդերն են, բնակչության թվի արագ աճ է տեղի ունենում, իսկ արեւմտյան հատվածներում՝ նվազում է։
Օրինակ՝ Թուրքիայի արեւելյան նահանգներում բնակչության միջին տարիքը խիստ երիտասարդ է՝ 18,5-21,7։ Բացի այդ արեւելքում մեկ ընտանիքին ընկնում է միջինը 5 երեխա, իսկ արեւմտյան հատվածներում՝ 1 երեխա։




























