Առողջապահության նախարարության դիտարկումների համաձայն 2012թ. հոկտեմբերին եւ դեկտեմբերին դեղագործական շուկայում արձանագրվել են դեղերի գների էական տատանումներ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2012թ. հոկտեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին հանրապետություն է ներկրվել 2189 անուն դեղ (հոկտեմբերին` 1009, դեկտեմբերին` 1180): Երկու ամիսներին ներկրված 581 նույն դեղից 40-ի մոտ նկատվել է 10%-ից ավելի թանկացում եւ գրեթե նույնքան դեղի մոտ նույնչափ էժանացում։ Այդ ամիսներին ներկրված դեղերի կեսից ավելիի մոտ գները մնացել են անփոփոխ:
Հետագա դիտարկումների արդյունքներով 2013թ. տարեսկզբից դեղերի գների տատանումների աստիճանի համեմատական նվազում է նկատվում:
Դեղերի գների տատանումների հիմնական պատճառ կարող են հանդիսանալ արտադրողի կողմից գների եւ արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները:
Միաժամանակ, Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում դեղերի գները ազատականացված են եւ ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերի գների աճի զսպան իրական լծակներ չունի: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ համատեղ ՀՀ ԱՆ ստեղծել է դեղերի շուկայում հակամենաշնորհային երեւույթների զսպման մեխանիզմներ։ Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերի շուկայում իրականացնում է մշտադիտարկում եւ արդյունքները մեկամսյա հաճախականությամբ ներկայացնում ՏՄՊՊՀ։





























