Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանը ինքնաբացարկ չի հայտնի: Այս մասին, այսօր` փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ինքը` Արման Մելիքյանը:
Հարցին, թե նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, ի՞նչ քայլեր է ձեռնարկելու, նա պատասխանել է, որ նախ եւ առաջ ապահովելու է ընտրողների իրավունքները, երկրում նոր աշխարհայացքի համար անհրաժեշտ պայմաններ է ստեղծելու: Մելիքյանը նաեւ հայտարարել է, որ առաջին բանը, որ նա կանի` կայցելի Մատենադարան, որը խորհրդանշում է ժողովրդի մշակույթն ու ավանդույթները, եւ նշել է, որ հենց ինտելեկտն է, որ ժողովրդին զարգացման է տանում:
Անդրադառնալով նախագահի մեկ այլ թեկնածուի` Արամ Հարությունյանի, վերջերս արած հայտարարությանը, որով նա իր մրցակիցներին կոչ է արել ինքնաբացարկի դիմել, Մելիքյանն ասել է, որ հարգում է նախագահի թեկնածուի` ինչ-որ բանի կոչ անելու իրավունքը, բայց ինքնաբացարկի կարիք չկա, առավել եւս` Հարությունյանը հիասքանչ գիտի, թե ինչու: Արման Մելիքյանը նաեւ հայտնել է, որ իր համար առաջին մրցակիցը ոչ թե առանձին անհատ է, այլ` գործող ղեկավար համակարգը:





























