Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր` փետրվարի 8-ին, իրավապահ կառույցների ղեկավարների մասնակցությամբ, խորհրդակցություն է անցկացրել ընտրական գործընթացի շրջանակներում ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների անձնական անվտանգության, ինչպես նաեւ ընտրություններին նրանց լիարժեք եւ իրավահավասար մասնակցության ապահովման խնդիրների վերաբերյալ:

Մասնավորապես, քննարկվել են ՀՀ նախագահի թեկնածուների քաղաքական բնականոն գործունեության ապահովման սահմանադրաիրավական եւ միջազգային երաշխիքները, ինչպես նաեւ դրանց իրացմանն ուղղված պետության պարտավորությունների առավել գործուն եւ արդյունավետ կատարման հարցերը:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենը տեղեկություններ է ներկայացրել նաեւ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող նախաքննության ընթացքի վերաբերյալ: ԱԱԾ տնօրենը նշել է, որ հանցագործության բացահայտման առումով արդեն առկա են որոշակի արդյունքներ, որոնք թույլ են տալիս հստակ քայլեր իրականացնել գործի բոլոր էական հանգամանքների հետագա պարզաբանման համար:

Հանրապետության Նախագահը գոհունակություն է հայտնել նշված գործով իրավապահ մարմինների կատարած աշխատանքի կապակցությամբ: