«Միշան չի գնում խորհրդարան, փոխարենը գնում է գրադարան»: Այսպես է մեկնաբանել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի Վրաստանի նախագահի Միխայիլ Սահակաշվիլիի այսօր նախատեսված ելույթը Վրաստանի Ազգային գրադարանում:
«Միշան չի գնում խորհրդարան, փոխարենը նա գնում է գրադարան, սակայն նա գնում է ոչ ընթերցելու համար: Նա ընթերցող չէ, ոչ էլ` գրող: Միշան խոսացող է»,-ասել է Իվանիշվիլին, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր պետք է հանդես գար խորհրդարանում` ավանդական ամենամյա ելույթով, սակայն խորհրդարանական մեծամասնությունը մերժել է նրան այդ հարցում: Նախագահը որոշել է իր զեկույցը կարդալ Ազգային գրադարանում:
Խորհրդարանի որոշմամբ քաղբանտարկյալ հռչակված եւ ազատ արձակվածները որոշել են «ամոթի միջանցք» կազմակերպել Ազգային գրադարանում:
Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն այս առիթով ասել է, որ նախագահը մտադիր չէ հետաձգել իր ելույթը` հնարավոր սադրանքների պատճառով: Նա նախազգուշացրել է, որ եթե սադրանք տեղի ունենա, դրա պատասխանատվությունն ընկնելու է վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի վրա:





























