Վրացական հատուկ նշանակման ջոկատի վեց աշխատակիցներ ձերբակալվել են ծառայակիցներին տանջելու մեղադրանքով։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Նինո Գիորգոբանին։

ՆԳՆ-ի տվյալով՝ Վրաստանի նախագահական ընտրությունների նախօրեին այն ժամանակվա ՆԳ նախարար Բաչո Ախալայան յոթ հատուկ ջոկատայինների էր ձերբակալել իբրեւ թե ընդդիմությանը համակրելու համար եւ պահանջել էր նրանց «որակավորումը բարձրացնելու» դասընթացներ անցկացնել։ Նրանց տարել էին զորավարժարան, մերկացրել եւ հարկադրել վազել, առանց կանոնների մարտեր ցուցադրել, հետո  նրանց ոտքերի տակ եւ գլխավերեւում կրակել են եւ ծեծել։

Տուժածների ցուցմունքների հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Ձերբակալվել են Վրաստանի ՆԳՆ հատուկ գործողությունների կենտրոնի պետ, փոխգնդապետ Մամուկա Աբաշիձեն, ռազմավարական օբյեկտների պաշտպանության ծառայության աշխատակից Դավիթ Չուբինիձեն եւ Վրաստանի պաշտպանության նախարարության լեռնահետախուզական գումարտակի զինծառայող կապրալներ Դավիթ Գիորգաշվիլին, Ալեքսեյ Դավիթիշվլին, շարքայիններ Վլադիմիր Զանգիեւը եւ Ռոբերտ Սուտիձեն։ 

Ձերբակալվածներից Մամուկա Աբաշիձեն հայտնել է, որ հատուկ ջոկատայինների նկատմամբ ոչ մի բռնություն չի ցուցբերվել, նրանք «հատուկ դասընթաց են անցել, որի ընթացքում հատուկ ջոկատայինները որոշակի հմտություններ են ձեռք բերում»։