Հայաստանում քարոզարշավն ընդհանրապես պետք չէ լուրջ ընդունել: Այս մասին, այսօր` փետրվարի 11-ին, մամուլի ասուլիսում նշեց կառավարման ոլորտի փորձագետ Հարություն Մեսրոպյանը:

Նրա խոսքով` նախագահի բոլոր թեկնածուները ներգրավվել են այդ գործընթացներում` նպատակ ունենալով բարձրացնել իրենց արժեքն ու նշանակությունը: Փորձագետը նշեց, որ գոյություն ունի երկու հիմնական գործոն, որոնք ի ցույց են դնում առաջիկա ընտրությունների անլրջությունը:

«Ոչ մի թեկնածու հանդես չի գալիս իր թիմով: Այսինքն մեզ անհայտ է, թե ով է զբաղեցնելու, ասենք վարչապետի, կառավարական գերատեսչությունների ղեկավարների պաշտոնները»,-ասաց Մեսրոպյանն ու հավելեց. «Եթե ընտրվի այլ թեկնածու, թեեւ դա քիչ հավանական է, ապա մենք չգիտենք, թե ինչ կառույցներ կղեկավարեն իր կողմնակիցները»,- հավելել է Հարություն Մեսրոպյանը:

Որպես երկրորդ գործոն, նա նշեց, որ որոշ կուսակցություններ հրաժարվել են նախագահական ընտրություններից, դրանով հրաժարվելով կատարել իրենց հիմնական գործառույթները: «Երբ նրանք հայտարարում են, որ չեն կարող հաղթել ընտրություններում, դա խոսում է նրանց թուլության մասին: Իսկ եթե կարող են, բայց չեն մասնակցում, նշանակում է իրականում դրանք կուսակցություններ չեն, ավելին, Հայաստանում քարոզարշավն ընդհանրապես պետք չէ լուրջ ընդունել»,-ամփոփեց նա: