Վրաստանն ու Ադրբեջանը փետրվարի 10-ին համաձայնագիր են ստորագրել համատեղ պայքար սկսել մաքսատներում առկա հանցագործությունների դեմ։

Ստորագրված փաստաթղթի նպատակը մաքսային ոլորտում առկա խախտումների մասին տեղեկությունների փոխանակումն է եւ խախտումների դեմ արդյունավետ գործողությունների ծավալումը։ Կողմերը նշել են, որ նմանօրինակ համաձայնագրի առկայությունը հնարավորություն կտա վրաց-ադրբեջանական սահմանին հեշտացնել ներկրողների եւ արտահանողների աշխատանքը։

Ինչպես նշել է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Իրակլի Սիրաձեն, սա առաջին դեպքն է, երբ Վրաստանը նման պլան է ձեւակերպում հարեւան երկրներից մեկի հետ։ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ղեկավարի տեղակալ Ասկեր Աբդուլաեւն էլ իր հերթին ավելացրել է, որ համատեղ գործողությունները թույլ կտան լուծել շատ խնդիրներ։ «Հիմնական ուշադրությունը մենք դարձնելու ենք նարկոտրաֆիկի դեմ պայքարի վրա, քանի որ անցած տարի մեզ հաջողվել է կանխել Ադրբեջանից Վրաստան 320 կգ թմրամիջոցների տեղափոխումը, որոնք այնուհետեւ պետք է արտահանվեին Եվրոպա»,- ընդգծել է Աբդուլաեւը։