Պերմում ՀՀ 36-ամյա քաղաքացուն մեղավոր են ճանաչել իր 24-ամյա հայրենակցի սպանության գործում եւ դատապարտել 16 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին (սպանություն) եւ 158-րդ հոդվածի 1-ին մասերով (կողոպուտ), հայտնում է ՔԿ Պերմի երկրամասի քննչական վարչության կայքը:
Պարզվել է, որ 2012թ. հունվարի 15-ի գիշերը «Սանտա Բարբարա» բարի մոտ ՀՀ երկու քաղաքացիների միջեւ վեճ է ծագել: Հարաբերությունները պարզելու համար մեղադրյալի մեքենայով քաղաքից դուրս են գնացել: Մեղադրյալը մեքենան կանգնեցրել է Գամովո գյուղի մոտ, հայրենակցի հետ փողոց դուրս եկել եւ նագանով նշան բռնելով երիտասարդի գլխին՝ առնվազն հինգ կրակոց արձակել: Վերջինս տեղում մահացել է: Դրանից հետո մեղադրյալը հափշտակել է սպանվածի բջջային հեռախոսը եւ փախել դեպքի վայրից: Հինգ հրազենային վնասվածք ունեցող զոհի մարմինը 2012թ. հունվարի 15-ի վաղ առավոտյան հայտնաբերել էին տեղի բնակիչները:
Դատարանի վճռով մեղադրյալը 16 տարի եւ հինգ օրվա ազատազրկման է դատապարտվել խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում, առաջին հինգ տարիները՝ բանտում:





























