2012 թ. Հայաստան է ներկրվել 82.4 հազ. տոննա շաքարավազի հումք` նախորդ տարվա 91.6 հազ. տոննայի համեմատ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն:
Նախորդ տարվա համեմատ ներմուծված շաքարավազի մաքսային արժեքը էական փոփոխությունների չի ենթարկվել` 1տոննա/586 դոլարից աճել է մինչեւ 1տոննա/623 դոլար:
Նշենք, որ միջազգային շուկայում շաքարավազի հումքը ներկայում վաճառվում է տոննան մոտ 410 դոլարով: Հաշվի առնելով անգամ տրանսպորտային ծախսերը` Հայաստանը բավական թանկ հումք է ձեռք բերում:
Շաքարի միջազգային ասոցիացիայի (ISO) տվյալներով` 2012 թ. շաքարավազի միջազգային գները նվազել են մոտ 18%-ով, ու առավել հավանական է, որ 2013 թ. գների անկումը կշարունակվի: Կանխատեսվում է, որ շաքարավազի միջազգային արտադրությունը կհասնի ռեկորդային 177 հազ. տոննայի` Բրազիլիայում բերքի ավելացման պատճառով: Ընդհանուր առմամբ` աշխարհում շաքարավազի մոտ 6 մլն տոննա ավելցուկ կա:
Նշենք, որ վերջին 2 տարիներին Հայաստանը սկսել է նաեւ շաքար արտահանել` Ախուրյանում շաքարի արտադրության գործարանի կառուցումից հետո: Սակայն 2012 թ. շաքարավազի արտահանումը 2011 թ. համեմատ նվազել են 9 անգամ` 3.4 հազ. տոննայից իջնելով մինչեւ 400 տոննա: Շաքարավազի տոննան Հայաստանից արտահանվում է միջինը 737 դոլարով` նախորդ տարվա 800 դոլարի համեմատ: Շաքարավազի հիմնական գնորդը Վրաստանն է:




























