NEWS.am-Ինովացիա-ի հարցազրույցը «Cornet.am» ՓԲԸ կոմերցիոն տնօրենի Իգոր Կաղյանի հետ:
Cornet ընկերությունը գործում է օնլայն-վճարումների համակարգերի ստեղծման եւ շահագործման շուկայում: Ինչպե՞ս է զարգանում ֆինանսական շուկայի այդ բաղադրիչը, որ անմիջականորեն կապված է ինտերնետի հետ:
Մեր ընկերությունը երբեք չի զբաղվել վճարային համակարգերի ստեղծմամբ: Դա բանկային հատվածի, ֆինանսական ուղղվածությամբ կազմակերպությունների եւ նրանց հետ համագործակցող ընկերությունների իրավասությունն է: Մենք, մեր հերթին, միայն զարգացնում եւ սպասարկում ենք ցանցի տրանսպորտային ենթակառուցվածքը եւ առաջարկում քաղաքացիների ու կազմակերպությունների հանրային մուտք այդ ռեսուրսներին` Ինտերնետի միջոցով:
Ինչ վերաբերում է աճին, ապա, անկասկած, նկատվում է վճարումների այս համակարգի նկատմամբ պահանջարկի դինամիկ աճ, որն ապահովում է անվտանգություն, ծառայությունններին հասանելիություն ու վստահություն: Այդ պահանջարկը նկատվում է ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց կողմից:
Առաջին հերթին դա հարմար է եւ օպերատիվ: Տվյալների փոխանցման ցանցի ու ինտերներտի միջոցով ծառայությունների պահանջված լինելու դիապազոնը կարող է սկսվել խանութում գնումներ անելուց, այդ թվում վիրտուալ, կոմունալ եւ այլ ծառայությունների համար կամ հասարակական տրանսպորտում վճարումներից, մինչեւ խոշոր ֆինանսական գործարքների իրականացումը: Երկրորդ. դա կապ ունի Հայաստանում տնտեսական կայուն իրավիճակի հետ, ինչն էլ իր հերթին կապված է սոցիալական մակարդակի որոշակի բարձրացման եւ բնակչության բարեկեցության հետ: Բացի այդ, գոյություն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների բնական գլոբալ եւ տեղական զարգացում, որը պահանջում է ինտեգրում համաշխարհային տնտեսական, տեխնոլգիական, սոցիալական եւ մշակութային գործընթացներին:
Ինչպե՞ս է լուծվում Online վճարումների ցանցի աշխատանքի համակարգման խնդիրը: Կա՞, արդյոք վտանգ, որ հաճախորդը online վճարում կատարելիս, տեխնիկական խնդիրներ ծագելու դեպքում կարող է գումարներ կորցնել:
Ինչպես հայտնի, է 2008-ի աշնանը Cornet.am ընկերությունը հայտարարել է Հայաստանում սեփական ազգային ցանցի ներդրման մասին, եւ այդ հանգամանքը զգալիորեն մեծացնում է պատասխանատվության աստիճանը` առաջարկվող ծառայությունների մատուցման շրջանակում: Մենք մշտապես միջոցառումներ ենք իրականացնում ցանցում կայունության ու ինովացիաների ներդրման ուղղությամբ: Բայց, այդուհանդերձ, որքան էլ կատարելագործվի մեր ցանցի տեխնիկական մասը, միեւնույնն է, հնարավոր է ընդամենը մոտենալ իդեալական ծառայություններին: Դրա համար էլ նմանատիպ ցանցերի մշակողները նախատեսում են տեխնիկական խափանման կամ տրանսակցիայի ժամանակ կապի ընդհատման տարբերակը: Ավելի ճիշտ կլիներ, եթե այդ հարցին սպառիչ պատասխան ստանալու համար դիմեիք մասնագետներին, որոնք մշակում են նման համակարգեր:
Ամեն դեպքում, պետք չի խուսափել online վճարումների համակարգից օգտվելուց: Նույնիսկ եթե ենթադրենք, որ նման վճարման ժամանակ կապի խափանում է տեղի ունենում եւ գումարն արդեն փոխանցվել է հաճախորդի հաշվից, իսկ վերջինս չի ստացել համապատասխան հաստատում, ապա նա միշտ էլ կարող է վերականգնել հաշիվը իր բանկի միջոցով: Ինչ վերաբերում է համակարգմանը, ապա ամբողջ գործընթացը տեւում է մի քանի վայրկյան:
Որքանո՞վ է պաշտպանված տվյալների փոխանցման համակարգը եւ ապահովագրվա՞ծ է արդյոք, հաճախորդը փող փոխանցելու ժամանակ համակարգի խափանումներից:
Նմանատիպ համակարգերը մի քանի աստիճանի պաշտպանվածություն ունեն, եւ դրանում առաջին հերթին շահագրգռված են ֆինանսական կառույցները, որոնց պատկանում են այդ վճարային համակարգերը: Իսկ այդ ամենը վերահսկող օղակը պետք է լինի ԿԲ-ն:
Որքա՞ն են մասնավոր սեկտորում ինտերնետի տարածման հնարավորությունները: Արդյո՞ք պահանջված են հոսթինգի ծառայությունները Հայաստանում:
Վերը նշված ցանցային առաջարկների շարքում, մեծ բաժին են կազմում նաեւ ինտերնետի տնային օգտագործողների մոտ ժամանցի ծառայությունները, ինչպիսիք են online խաղերը, ֆիլմերի, տեսահոլովակների, երաժշտական ֆայլերի պատվիրումն ու դիտումը, ինչպես նաեւ տեքստային, ձայնային եւ վիդեո հաղորդակցության ձեւերը: Օրինակ Skype, «Օդնոկլասնիկի», «Facebook» եւ այլ սոցիալական ծառայությունները, որի մասին շատ է խոսվել: Բնական է, որ ինտերնետի տնային օգտագործողների քանակի ավելացմանը զուգընթաց՝ առաջ են գալիս գնային մատչելիության եւ ծառայությունների որակի խնդիրները: Միայն տարեկան կտրվածքով գներն իջել են 40 տոկոսով:
Ինչ վերաբերում է հոսթինգի ծառայությունների նկատմամբ հետաքրքրությանը, ապա այստեղ նույնպես նկատվում է ակտիվություն՝ ոչ միայն պետական կառույցների եւ առեւտրային կազմակերպությունների շրջանում, այլ նաեւ մասնավոր անձանց կողմից:
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի տեղեկատվական անվտանգության մակարդակը տարածաշրջանի երկրների ու աշխարհի հետ համեմատ:
Տեղեկատվական անվտանգության մակարդակը, ինչ որ առումով, հասարակության տնտեսական ու սոցիալական պաշտպանվածության արտացոլումն է: Կարելի է ասել, որ այն մակարդակը, որում այսօր գտնվում է Հայաստանը, համապատասխանում է առկա տեղեկատվական անվտանգության մակարդակին: Դա չի նշանակում, որ անհրաժեշտություն չկա այդ մակարդակը բարձրացնելու: Դա գործընթաց է, որը չի կարող քննարկվել երկրում եւ ընդհանրապես աշխարհում տնտեսական մակրո եւ միկրո գործընթացներից անկախ:




























