Մարտի 1-ին, ժամը 16։30-ին Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում կկատարվի հոգեհանգստյան արարողություն ի հիշատակ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների զոհերի: Այդ մասին տեղեկացնում է Հայ ազգային կոնգրեսը։

Հիշեցնենք, որ հայկական ընդդիմությունը չընդունեց 2008թ. փետրվարի 19-ի ընտրությունների պաշտոնական արդյունքները: Ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 21-ին շուրջօրյա հանրահավաքների շարք սկսեց Ազատության հրապարակում: Քաղաքում բազմահազարանոց երթեր եւ հանրահավաքներ կայացան` ընտրությունների պաշտոնական արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով:

Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունն ուժով ցրեց վրանային ավանը, տեղի ունեցան ընդդիմության ակտիվիստների զանգվածային ձերբակալություններ:

Կեսօրին մոտ ժողովուրդն ինքնաբուխ հավաքվեց Մյասնիկյանի արձանի մոտ, եւ ժողովուրդը, սպասելով իշխանությունների երկրորդ ուժային ակցիային, սկսեց բարիկադներ կառուցել: Ժամը 21-ի սահմաններում սկսվեց հանրահավաքի ցրման ուժային գործողությունը, որի արդյունքում զոհվեց 8 ցուցարար եւ ներքին զորքերի երկու զինծառայող: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանում 20-օրյա արտակարգ դրություն մտցրեց: