Փետրվարի 15-16-ը Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետական քարտուղար- արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում են ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Արտգործնախարարները հանդիպում կունենան փետրվարի 16-ին, իսկ հանդիպումից հետո կայանալու է նրանց համատեղ մամուլի ասուլիսը:

Այսօր՝ փետրվարի 15-ին Սաուդաբաեւը գտնվում է Ադրբեջանում, որտեղ հանդիպել է նախագահ Իլհամ Ալիեւին եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների:

Հիշեցնենք, որ Ղազախստանը ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել է 2010 թ. սկզբին եւ հանդես է եկել մի շարք առաջարկություններով՝ ձգձգված հակամարտությունների լուծման ուղղությամբ: