Հայաստանի խորհրդարանի ԲՀԿ-ական պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը նամակով դիմել է ԵԽԽՎ մշակույթի, գիտության եւ կրթության հարցերի հաձնաժողովի նախագահ Էնդրյու Մակինթոշին՝ ներկայացնելով ադրբեջանական պատվիրակության հերթական անհեթեթ քայլի մասին:
«ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեինովը ադրբեջանական մամուլին տված իր հարցազրույցներում հերթական անգամ խեղաթյուրել է ակնհայտ փաստեր եւ իրողություններ: Իմ կողմից տրամադրված փաստերը նա խեղաթյուրված ներկայացրել է նաեւ Ձեր գլխավորած հանձնաժողովի նիստում»,- նշել է Զոհրաբյանն ու մանրամասնել. «Մասնավորապես՝ փորձել է խեղաթյուրել իմ կողմից Վեհաժողովի անդամ պետությունների ներկայացուցչություններին բաժանված՝ „21-րդ դարի վանդալները“ եւ „Իսկական ողբերգություն. 1990 թվականի Բաքվի ջարդերը“ փաստական նյութերը՝ առաջնորդվելով իր երկրի ղեկավարության գործելաոճով՝ կեղծել պատմությունն ու ակնհայտ փաստերը»։
«Ուզում եմ վստահ լինել, որ սուտը, կեղծիքն ու ապատեղեկատվությունը չեն կարող եւ չպետք է ընդունելի լինեն այնպիսի մի կառույցում, ինչպիսին Եվրոպայի Խորհուրդն է: Ճշմարտությունը չի կարող մեկնաբանելի լինել,եւ փաստերը ամենախոսուն վկաներն են»,- նկատել է Նաիրա Զոհրաբյանը՝ հեղինակավոր կառույցի ներկայացուցչին ուղարկելով անհրաժեշտ փաստական նյութեր:




























