Օրերս NEWS.am-ի թղթակիցը մի քանի oրով գործուղման էր մեկնել Վրաստան: Հաշվի առնելով խցի մահճակատեղին գիշերը պառկելու առավելությունը՝ մաքսատանը երկար սպասող ավտոբուսներից մեկի բազկաթոռին նստելու նկատմամբ, նա որոշեց հերթական անգամ օգտվել Հայկական… ներողություն, Հարավկովկասյան երկաթուղու ծառայություններից, առավել եւս, որ շատ էր լսել ներդրումների եւ մեծ աշխատանքի մասին՝ կատարված ահռելի «Ռուսաստանյան երկաթուղու» հերթական «դստեր» ղեկավարության կողմից:
Բայց քանի որ մեր թղթակիցը «Երեւան-Թբիլիսի» սովորական ուղերթով ձմռանն առաջին անգամ էր երթեւեկում, հասցրեց մի շարք բացասական տպավորություններ ստանալ: Բանն այն է, որ Երեւանի երկաթուղային կայարանից՝ «Երեւան» կայարանից, գնացքը շարժվում է 20։20-ին, եւ քանի որ տոմսերի առանձնակի դեֆիցիտ չկա, առավել եւս ձմռանը, տոմսեր կարելի է ձեռք բերել նույնիսկ մեկնումից 5 րոպե առաջ:
Ահա եւ ստացվում է, որ երեկոյան ժամանում ես Երեւանի գլխավոր երկաթուղային կայարան, եւ քո առջեւ հառնում է, մեղմ ասած, տխուր տեսարան: Կայարանում կենտրոնացված լուսավորություն չկա, մի քանի լամպ է վառվում տոմսարկղերի եւ ուղիների մոտ: Ընդհանուր առմամբ, անհույս խավար է: Իսկ ջեռուցման մասով էլ վիճակն ավելի վատ է՝ այն ուղղակի չկա, կայարանում սարսափելի ցուրտ է, տոմսավաճառները, որ բողոքում են նոր ռուսաստանյան ղեկավարության պայմաններում ծանրաբեռնվածության կտրուկ ավելացման դեմ՝ չնչին աշխատավարձերի պահպանմամբ, տոմսեր են վաճառում փայտացած ձեռքերով, քանի որ ահռելի տոմսարկղերը ձեռուցվում են փոքրիկ էլետրական ջեռուցիչներով, որոնք հազիվ նախատեսված են սուրճ պատրաստելու համար:
Եթե դրան էլ հավելենք, որ առ այսօր, չնայած ՀԿԵՈՒ-ի ղեկավարության խոստումներին, գործում է միայն մեկ վերանորոգված ուղեւորատար շարժակազմ, որը հիմնականում օգտագործվում է «Երեւան-Մախինջաուրի» (Բաթումի) ամառային ուղերթի համար, պատկերն ավելի մռայլ կլինի:
Եւ այդ ամենի ֆոնին աննկատ են մնում այն ձեռքբերումները, որ ՀԿԵՈՒ-ն իսկապես գրանցել է: Մասնավորապես՝ երկաթուղու մասնակի վերանորոգման շնորհիվ զգալիորեն ավելացել է Հայաստանի տարածքով շարժակազմերի շարժման արագությունը: Արդյունքում, հաշվի առնելով հայկական եւ վրացական մաքսատներում «Երեւան-Թբիլիսի» գնացքի տեւական կանգառը, ուղերթի տեւողությունը հաջողվել է կրճատել ուղիղ երկու ժամով, եւ այժմ այն կազմում է 13,5 ժամ:
Բայց ընդհանուր տպավորությունը դրանով չի մեղմանում: Քանի որ միակ միջազգային ուղերթի (միայն ամռանն է ավելանում երկրորդը, որը նույն այդ Վրաստանի սեւծովյան ափն է տեղափոխում հանգստացողներին) ուղեւորներին ճանապարհում եւ ընդունում է Հայաստանի կենտրոնական կայարանը, որ գտնվում է նման ողբալի վիճակում: Ախր դժվար է գտնել ռուսաստանյան որեւէ կայարան նման վիճակում, անգամ այդ երկրի ամենախուլ մարզկենտրոններից որեւէ մեկում: ՀԿԵՈՒ-ն, ինչպես հայտնի է, Հայաստանի կառավարության թեթեւ ձեռքով, պատկանում է «Ռուսաստանյան երկաթուղուն»…



























