Ղազախստանը ԵԱՀԿ-ում իր նախագահության ժամանակաշրջանում ուշադրությունը կենտրոնացնելու է ձգձգված տարածքային հակամարտությունների խնդրի վրա: Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը՝ հավելելով, որ հենց այդ փաստով է պայմանավորված իր առաջին այցը Հարավային Կովկաս:

Նա ընդգծել է, որ Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը կայացել է բաց երկխոսություն ղարաբաղյան խնդրի շուրջ:

«Ղազախստանը ծանոթ է եւ ուշադիր հետեւում է ղարաբաղյան խնդրի բանակցություններին, եւ մենք մտադիր ենք հնարավորին նպաստել այդ հարցի լուծմանը: Սակայն հակամարտության լուծման բանալին կողմերի ձեռքին է, իսկ մյուսները կարող են միայն նպաստել խնդրի շուտափույթ լուծմանը: Մենք զգուշավոր լավատեսություն ունենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ»,- հայտարարել է Սաուդաբաեւը: Նա նաեւ ընդգծել է, թե Ղազախստանը , որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, կաջակցի ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության նվազմանը միտված բոլոր առաջարկներին, այդ թվում եւ Մինսկի խմբի առաջարկը՝ շփման գծից հանել դիպուկահարներին:

Իր հերթին Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը, անդրադառնալով իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությանը, թե Բաքվի համար ընդունելի են Մադրիդյան նորացված սկզբունքները, հայտարարել է. «Երկար ժամանակ Բաքուն չէր ճանաչում այդ սկզբունքները, ավելին, հերքում էր դրանց գոյությունը: Այժմ կողմերից յուրաքանչյուր ներկայացնում է իր դիտողությունները Մինսկի խմբի աշխատանքային առաջարկների վերաբերյալ: Երբ Ադրբեջանը ներկայացնի իր առաջարկները, մենք կքննարկենք…»: