Հայաստանը նախատեսում է Ուլյանովսկի մարզում 5 միլիոն դոլար ներդնել արտադրության մեջ: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել փետրվարի 16-ին մարզի ղեկավար Սերգեյ Մորոզովի եւ Հայաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի պատվիրակության միջեւ հանդիպման ժամանակ: Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են մարզում ներդրումային ծրագրերի հարցերը, այդ թվում նաեւ ոսկերչական իրերի արտադրության գործարանի կառուցման, որը պետք է աշխատի իտալական տեխնոլոգիաներով:
Հայկական կողմը ցանկություն է հայտնել մինչեւ 5 միլիոն դոլարի ներդրումներ անել Ուլյանովսկի մարզում: Ինչպես նշել է Հայաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի փոխնախագահ Արամ Վարդանյանը, ներկայումս կան բոլոր նախադրյալները, որպեսզի ստեղծվի հազար աշխատատեղ ապահովող ձեռնարկություն:
Բացի այդ, հայկական կողմն առաջարկել է մարզում մեծ հյուրանոցային համալիր կառուցել, որը կունենա նաեւ ցուցահանդեսների համար նախատեսված համալիր: «Ուլյանովսկի մարզի զարգացման կորպորացիան» այդ խնդրով ներկայումս բանակցություններ է վարում մի քանի պոտենցիալ ներդրողների հետ:
Ուլյանովսկում Արամ Վարդանյանը հանդիպել է «Ուլյանովսկի մարզի զարգացման կորպորացիայի» եւ «Ուլյանովսկի տեխնոպարկի» գլխավոր տնօրենների հետ։ Քննարկվել են Ուլյանովսկի եւ Երեւանի տեխնոպարկերի միջեւ համագործակցության համաձայնագրի մանրամասները:



























