Կովկասը, Կենտրոնական Ասիան եւ Արեւելյան Միջեւրկրածովյան տարածքը Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի շահերի բախման գլխավոր կետերն են եւ անորոշության տարածք տարածաշրջանային խոշոր խաղացողների փոփոխվող առաջնահերթությունների համատեքստում:
Նման եզրակացության են հանգել Վաշինգտոնի ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի նախաձեռնած ուսումնասիրության հեղինակները, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Զեկույցում մեծ ուշադրություն է դարձվել երկկողմ հարաբերությունների «երեք զույգերի»՝ Ռուսաստան-Իրան, Ռուսաստան-Թուրքիա եւ Իրան –Թուրքիա:
«Շարժման ընկալումն անհրաժեշտ է Մերձավոր Արեւելքում լայնածավալ ռազմական գործողություններ սկսելուց, Կովկասում հակամարտության վերսկսումից եւ Կենտրոնական Ասիայում ապակայունացումից խուսափելու համար»: «Սիրիան այս Ռուսաստան-Իրան–Թուրքիա եռանկյունու գլխավոր փոփոխական մեծությունն է», – ընդգծում է նախագծի տնօրեն Ստեֆան Ֆլանագանը:
Զեկույցում նշվում է, որ Թուրքիան 2002թ.-ից ղեկավարվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման անհրաժեշտության սկզբունքով. «Երկկողմ հարաբերությունները արտացոլում են շահերի ընդհանրությունները, սակայն մրցակցայնությունից զուրկ չեն», – ասված է ուսումնասիրությունում: «Մոսկվան լարվածության սրացումը կանխելու համար պետք է Կովկասում իր ներկայության առավել հստակ կանոններ մշակի», – ասված է զեկույցում: «Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական կապերը զգալի են, իսկ ռազմավարական գիծը բավական հակասական է», – ընդգծել է զեկույցի հողինակներից մեկը՝ քաղաքագետ Էնդրյու Կաչինսը: Իրանի եւ Ռուսաստանի պարագայում ամեն ինչ հակառակն է. Մոսկվան ու Թեհրանը ռազմավարական առումով հաճախ նման մոտեցումներ ունեն: Միաժամանակ, պատմականորեն բոլոր երեք երկրները մշտապես մրցակցել են միմյանց հետ»:
«Ռուսաստանը շատ զգայուն է Հարավային Կովկասում Թուրքիայի աճող ազդեցության հանդեպ», – ընդգծել է Կաչինսը՝ նշելով, որ Մոսկվան Իրանի հետ իր հարաբերություններին երեք պրիզմաների միջով է նայում՝ տարածաշրջանային անվտանգության, գլոբալ հարցերի եւ տնտեսական:
Ջոն Ալերմանի կարծիքով` Իրանի մեկուսացման աճին զուգընթաց Թուրքիայի հետ հարաբերություններն Իրանի իշխանությունների համար ավելի կարեւոր են դառնում: «Դրանք, ընդ որում,հասարակ հարաբերություններ չեն: Մի կողմից Թուրքիան միակ տեղն է, որտեղ իրանցիներն իրենց ավելի հանգիստ են զգում, մյուս կողմից` երկրները Սիրիայի հետ կապված լուրջ տարաձայնություններ ունեն: Ընդհանրապես, այնպիսի զգացողություն է, որ Թուրքիան ձգտում է Իրանին պահել մեկնված ձեռքի երկարությամբ հեռավորության վրա»,-ընդգծել է Ալտերմանը:
Ստեֆան Ֆլանգանը այն եզրակացությանն է եկել, որ Իրանն ու Ռուսաստանը ներկա պահին ԱՄՆ-ի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ միջազգային հանրության այլ անդամների դեմ դաշինքի մեջ են գտնվում: Զեկույցի մեջ այդ տեսակետը շարունակվում է այն մտքով, որ դա «ԱՄՆ ազգային շահերի համար կարեւոր հետեւանքներ» կունենա: Հետազոտության հեղինակները տարածաշրջանային ենթատեքստում խորհուրդ են տվել «ուշադիր լինել Կովկասում տիրող իրադրության նկատմամբ», որտեղ առավել ակնհայտ կերպով են բախվում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի շահերը:


























