Այսօր` մարտի 22-ին, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Փարամազ Ավետիսյան մասնաշենքում կայացել է Վազգեն Ղազարյանի «Համակովկասյան այբուբենի նախագիծ» գրքի շնորհանդեսը: Հեղինակն առաջին անգամ լայն հանրությանն է ներկայացրել Հյուսիսային Կովկասի 37 լեզուների համար իր կողմից ստեղծված եւ մշակված նոր, ընդհանրական այբբենական համակարգը եւ դրա կառուցման բոլոր նրբություններն ու առանձնահատկությունները։

Ընդհանրապես, կովկասյան տարածաշրջանը լեզուների խտությամբ եւ բազմազանությամբ աշխարհում գրավում է առաջնային դիրքերից մեկը։ Այս համեմատաբար սահմանափակ տարածքում կողք-կողքի կենտրոնացած են հիսունից ավելի մեծ ու փոքր ազգեր եւ էթնիկ խմբեր, ներկայացված են հինգ խոշոր լեզվաընտանիքներ, որոնցից երեքը պատմականորեն պարփակված են միայն Կովկասում եւ դրանից դուրս որեւէ տեղ չեն հանդիպում։ Այս լեզվաընտանիքներից երկուսի ապագան այժմ լրջորեն վտանգված է, քանի որ դրանք կազմող լեզուների մրցունակությունը ռուսերենի գերիշխող միջավայրում լուրջ խոչընդոտների առջեւ է կանգնած՝ ի թիվս այլ խնդիրների՝ պայմանավորված նաեւ այս լեզուների համար գրային լիարժեք համակարգերի բացակայությամբ։

Հյուսիսկովկասյան լեզուներն աչքի են ընկնում հնչյունային բացառիկ հարստությամբ։ Դրանցից որոշները՝ աբխազերենը, ադըղերենը (չերքեզերեն), աբազերենը, թաբասարաներենը, արշերենը, աղուլերենը, լեզգերենը, ավարերենը եւ շատ ուրիշներ պարունակում են 60-80 եւ ավելի բաղաձայն եւ համարվում են հնչյունային տեսանկյունից ամենաբազմազանը աշխարհում։

Այս լեզուներից շատերը, չունենալով պատմական այբուբեններ եւ դարավոր գրային ավանդույթ, 20-րդ դարի կեսերից գրության համար կիրառում են ռուսական այբուբենի «հարմարեցված» տարբերակներ, որոնք, սակայն, չեն համապատասխանում այդ լեզուների հնչական պահանջներին։ Լինելով թերի հնչյունային՝ այսինքն՝ միջինում 60-70 բաղաձայնի գրառության համար գործածելով ընդամենը 22 տառ եւ դրանց անտրամաբանական համակցություններ (մեկ հնչյունն արտահայտելու համար ընդհուպ մինչեւ 5 տառի հասնող տառակցումներ), նմանօրինակ գիրը գործնական եւ գեղագիտական լրջագույն անհարմարություններ է ստեղծում դրանք կիրառող ժողովուրդների համար՝ պատճառ հանդիսանալով ռուսալեզու տիրապետող միջավայրում այս լեզուների աստիճանական գավառայնացման, արտամղման եւ մոռացման։

Ներկայացվող նախագծում քննելով հյուսիսկովկասյան 2 բնիկ լեզվաընտանիքների (աբխազ-ադըղական եւ նախ-դաղստանյան) 37 հայտնի լեզուների հնչյունաբանությունը՝ գրքի հեղինակը վեր է հանում վերոնշյալ բոլոր խնդիրները եւ, որպես մեծապես վտանգված այս լեզուների գոյատեւման եւ զարգացման անհրաժեշտ պայման, շեշտում դրանց համար սեփական, անկախ եւ հնչյունայնորեն լիարժեք գրային համակարգերի ստեղծման անհրաժեշտությունը:

Ի մի բերելով հյուսիսկովկասյան լեզուների հնչյունաբանական բոլոր առկա հետազոտությունները՝ հեղինակն արեւմտա- եւ արեւելակովկասյան բոլոր 37 մեծ ու փոքր լեզուների համար, որոնցից շատերը մինչեւ այժմ անգամ չունեն գրական տարբերակներ, առաջարկում է տառ-հնչյուն փոխմիարժեքությամբ օժտված միանգամայն նոր, պարզ, համահավաք եւ ընդհանրական այբբենական համակարգ՝ հիմնված Հարավային Կովկասի եւ Հայկական Լեռնաշխարհի երեք պատմական՝ հայոց, վրաց եւ աղվանից այբուբեններում առկա տառաձեւերի, կառուցվածքային տարրերի եւ նշանակերտման սկզբունքների ձեւաբանական կիրառության վրա:

Գիրքը տպագրվել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ եւ «Ներդաշնակ աշխարհ» ֆոնդի ֆինանսական աջակցությամբ։