Ժերար Դեպարդիեի շքեղ առանձնատունը, որը նա խոստացել է նվիրել ռուս կինեմատոգրաֆիստներին, նախկինի պես վաճառվում է, հավաստիացրել են ֆրանսիացի անշարժ գույքի գործակալները:

Ինչպես հաղորդել է ՆՏՎ-ն` վկայակոչելով ֆրանսիացի անհայտ անշարժ գույքի գործակալին, շինության արժեքը գերազանցում է 50 մլն դոլարը: Անշարժ գույքի գործակալության աշխատակիցն ընդգծել է, որ Դեպարդիեի տունը վաճառելու հայտարարությունները տարածվել են ամբողջ աշխարհում: Նրա խոսքով` Սեն-Ժերմեն-դե-Պրե թաղամասում անշարժ գույքը մեծ պահանջարկ ունի:

Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվել է առանձնատունը ռուս կինեմատոգրաֆիստներին նվիրելու եւ նրա վրա ռուսական դրոշ բարձրացնելու` Դեպարդիեի ծրագրերի մասին:

Դեպարդիեին պատկանող Շամբրոն առանձնատունը կառուցվել է 19-րդ դարում եւ վերջերս հիմնովին վերանորոգման է ենթարկվել: Ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով` մակերեսը կազմում է 1,7 հազար քառակուսի մետր: Տան մոտ կա այգի եւ փակ լողավազան, ներսում՝ վերելակ: Շինությունը գտնվում է Սեն-Ժերմեն-դե-Պրե աբբայության մոտակայքում, նկարիչների եւ գրողների սիրելի թաղամասում: