Դանիայի դպրոցներում դասերն այսօր հետաձգվել են: Երկրի մունիցիպիալ իշխանությունների կարգադրությամբ` ավելի քան 50 հազար մասնագետների արգելվել է մտնել ուսումնական հաստատություն: Կառավարությունն այս քայլով պատասխանել է ուսուցիչների արհմիության գործողություններին:

Հանձնել գրասենյակների բանալիներն ու առանց աշխատավարձի նստել տանը` մինչեւ տարաձայնությունները կլուծվեն ` սրանից բացի դանիացի ուսուցիչներին ոչինչ չի մնում անել, քանի որ իշխանությունները նրանց  արգելել են  դպրոց մտնել, հայտնում է  Vesti.ru-ն:

Դանիայում ավելի քան 900 հազար աշակերտ տարաձայնությունների պատճառով չի կարող հաճախել դպրոց: Կողմերը չեն կարողանում որոշել աշխատանքային ժամերի եւ աշխատավարձի չափը:

Տեղի լրատվամիջոցների տվյալներով` իշխանությունների եւ արհմիության միջեւ տարաձայնությունները կարող են շաբաթներ տեւել:

Կառավարությունը հայտարարել է, որ միջամտելու համար դեռ վաղ է: Դանիական լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ Դանիայի վարչապետը հայտարարել է մոտավորապես հետեւյալը. «Պետք է սպասենք` սա դեռ ակնհայտ տարաձայնությունների առաջին օրն է: Թե Դանիայում ինչքան կտեւեն Զատիկի արձակուրդները` անհասկանալի է, քանի որ կողմերից ոչ մեկը չի պատրաստվում տեղի տալ: Մայիս-հունիսին կսկսվեն քննությունները եւ դանիացի աշակերտները ստիպված կլինեն դրանց պատրաստվել ինքնուրույն եւ իրենց հաշվին»: