Այսօր՝ փետրվարի 19-ին լրանում է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության վեցերորդ տարելիցը։ Սպանությունը կատարվել էր Բուդապեշտում, ուր երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին։
Ի հիշատակ սպանված սպայի՝ «Եռաբլուր» հուշահամալիրում այսօր հարգանքի տուրք կմատուցվի։ Հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն նաեւ նրա անունը կրող մանկապարտեզում եւ դպրոցում։
Գուրգեն Մարգարյանը ծնվել է 1979 թ. Երեւանում։ ՀՀ բանակում պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո շարունակել է մնալ Զինված ուժերի շարքերում եւ դարձել է Հայաստանի պաշտպանության նախարարության սպա։
2004 թ. հունվարի 11-ից սպան մասնակցել է ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված Բուդապեշտում անցկացվող անգլերեն լեզվի եռամսյա դասընթացներին։ Փետրվարի 19-ի վաղ առավոտյան նա սպանվել էր։
Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարված էր հասցրել քնած հայ սպային՝ այս կերպ նրա գլուխն անջատելով մարմնից։
Սաֆարովի դատը կայացել էր Հունգարիայում։ Նրան դատապարտել էին ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի։ Դատավորն իր որոշումը բացատրել էր հանցագործության առանձնապես ծանր լինելու հանգամանքով եւ այն փաստով, որ Սաֆարովը չէր զղջացել իր արարքի համար։
Ողբերգությունից մեկ տարի անց «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» դիմել էր երկրի նախագահին՝ Սաֆարովին պարգեւատրել՝ «ցուցաբերած արիության համար»։ Հայտարարության մեջ ասվում էր, որ մարդասպանն իր գործողություններով արտահայտել է «ողջ ադրբեջանցի ժողովրդի բողոքը Հայաստանի՝ Ղարաբաղի հարցում վարած քաղաքականության դեմ, եւ որ Սաֆարովը պետք է օրինակ դառնա ադրբեջանցի երիտասարդների համար»։




























