Հազիվ թե արեւմտյան երկրներն անհանգստացած լինեն Հայաստանի հետընտրական իրավիճակով։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Նիլ Մաքֆարլեյնը։
Նրա կարծիքով՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը Հայաստանի քաղաքական կայունությունն արեւմտյան հասարակության ու փորձագետների աչքին չի վարկաբեկում։ Դրանից բացի, հավելել է նա, Րաֆֆի Հովհաննիսյանն, ըստ երեւույթին, զիջել է նախկին դիրքերը, իսկ ընդդիմությունը նրա նպատակների շուրջ լիակատար կերպով չի համախմբվում։ «Դրանից բացի, կառավարությունը, ինչպես երեւում է, պահանջներին արձագանքում է հայտնի ճկունությամբ», – ավելացրել է փորձագետը։
Այդ պատճառով էլ, եթե խոսենք Եվրամիության մասին, ապա այնտեղ լուրջ անհանգստություն չի նկատվում. կարելի է հիշել, որ Արեւելյան գործընկերության մասին Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ ԵՄ 2012 թվականի զեկույցը դրական է եղել, իսկ հրատարակվել է այն հենց հետընտրական շրջանում՝ մարտի 20-ին։ «Ինչ-որ բան կարող է փոխվել լուրջ անկարգությունների դեպքում, սակայն դրանք արդեն անհավանական են թվում», -հայտարարել է Ն.Մաքֆարլեյնը։
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների ավարտին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր զանգվածային կեղծիքների մասին՝ հօգուտ իշխանության թեկնածուի՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանի։ Ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը կազմակերպել է մի շարք զանգվածային ակցիաներ, ներառյալ շրջաններում ցույցերը, հացադուլն ու հանրապետության տարածքով երկրորդ շրջայցը, որը կավարտվի վաղը։ Ապրիլի 5-ին եւ 9-ին ցույցեր են ծրագրված Երեւանում։ Այնուամենայնիվ, Րարֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ չի ճանաչում իշխանությունը զավթելու բռնի ոչ մի գործողություն։




























