«Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը, որը „Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան“ ծրագրի հիմնադիրն է հանդիսանում, նպատակ է հետապնդում մատչելի պայմաններով հիպոթեքային վարկեր տրամադրել նորաստեղծ ընտանիքներին»,- փետրվարի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի Բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը։
Նշելով, որ այս ծրագիրը միտված է մատչելի պայմաններով հիպոթեքային վարկեր տրամադրելու միջոցով պետական աջակցություն ցուցաբերել բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին: Նա տեղեկացրեց, որ ծրագրի շահառու կարող են դառնալ այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսինների գումարային տարիքը չի անցնում վաթսունը, եւ որոնք ունեն կայուն եկամուտ. «Սահմանված կարգի համաձայն՝ շահառուները դիմում են բանկ, եւ եթե համապատասխանում են բանկի ներկայացրած պահանջներին, ապա վարկատու կազմակերպությունը վարկ է տրամադրում նրանց»,- տեղեկացրեց Ա. Ղուկասյանը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ Հայաստանի 22 բանկերը ողջունել են այս ծրագիրը, իսկ նրանցից տասն արդեն իսկ համաձայնել են միանալ դրան։
Ասուլիսի մյուս բանախոս, «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանն էլ իր հերթին նշեց, որ վարկային կազմակերպության կողմից երիտասարդ ընտանիքներին տրվելիք վարկի առավելագույն չափը 11 մլն դրամն է, բնակարան ձեռք բերելու դեպքում կանխավճարը կազմում է 30 տոկոս, տարեկան տոկոսադրույքի չափը՝ 8.5-9 տոկոս է, իսկ վարկը կարող է մարվել առավելագույնը 10 տարվա ընթացքում։
Նրա խոսքով, բանկերից մեկի հետ համագործակցության առաջին պայմանագիրը կկնքվի արդեն հաջորդ շաբաթ, իսկ եւս մի քանի շաբաթ անց՝ առաջին շահառուն հնարավորություն կունենա ազատ կերպով հիպոթեկային վարկ ստանալ. «Կենտրոնական բանկի կողմից „Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան“ ծրագրին հատկացված կանոնադրական կապիտալը շուրջ 3 մլրդ դրամ է կազմում, տոկոսադրույքներն էլ ամենացածրն են շուկայում, այնպես որ սա զուտ սոցիալական բնույթ կրող եւ մեծ շահույթներ չակնկալող ծրագիր է»,- ընդգծեց Մ. Եդիգարյանը՝ հույս հայտնելով, որ պիլոտային ծրագիրը տարիների ընթացքում կկատարելագործվի եւ առաջարկվող պայմանները ժամանակի հետ ավելի մատչելի ու հարմար կդառնան։




























