Սաուդյան Արաբիայում դատապարտյալին անսովոր պատիժ է սպասվում: 24-ամյա Ալի ալ Հավահիրը 10 տարի առաջ դանակով հարվածել էր ընկերոջ մեջքին` վնասելով ողնաշարը: Տուժածը գամվել էր անկողնուն: Այս ամբողջ ընթացքում ալ Հավահիրը բանտում էր, սակայն տուժածին թվում է, որ այդ պատիժը բավարար չէ:
Նա որպես փոխհատուցում 270 հազար դոլար է պահանջում: Դատարանը վճռել էր, որ վճարվելու է հենց այդքան գումար, թեեւ տուժածը դրա կրկնակին էր ցանկանում: Եթե ալ Հավահիրը չկարողանա վճարել փոխհատուցումը, նա բժշկական եղանակով անդամալույծ կդառնա: Այդպիսով, Սաուդյան Արաբիայի արդարադատությունը կառաջնորդվի «ակն ընդ ական» սկզբունքով, գրում է Saudi Gazette-ը:
Կարեկիցների խումբը դրամահավաք է կազմակերպել բանտարկյալին օգնելու համար, որը, գտնվելով բանտում, անգամ չի կարողացել մասնակցել հոր թաղմանը: Ալիի մայրը դիմել է տարբեր ատյաններ` խնդրելով որդուն ազատել այդ սպառնալիքից: Նա պատմել է, որ որդին բանտում է հայտնվել 14 տարեկանում, եւ հետագա տարիներին ծնողները գումար են խնայել, սակայն անհրաժեշտ քանակն այդպես էլ չեն կարողացել հավաքել, հաղորդում է Vesti.ru-ն:
Բանտարկյալի պաշտպանությամբ հանդես են եկել Amnesty International կազմակերպության իրավապաշտպանները: Մերձավոր Աեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում կազմակերպության ներկայացուցիչ Էնն Հարիսոնը հայտնել է. «Անդամալուծությունը՝ որպես պատժամիջոց, կտտանք եւ չարչարանք է: Նման պատժի գոյության փաստը ցնցող է: Նույնիսկ պահպանողական Սաուդյան Արաբիայում, որտեղ որպես պատժամիջոց հաճախ ճիպոտահարությունն են կիրառում»:



























