Մարոկկացի Ռուբի մականունով Քարիմ էլ-Մահրուգը, ում անունն անցնում էր Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ հարուցված աղմկահարույց քրեական գործով, այսօր՝ ապրիլի 4-ին բողոքի ակցիա էթ իրականացրել Միլանի դատարանի առջեւ:

Միլանի Corriere della Sera թերթը հայտնում է, որ աղջիկը դատարան է եկել միայնակ՝ առանց փաստաբանների եւ «հրաշալի իտարելենով» տեքստ է կարդացել, որտեղ իր բողոքն է հայտնել դատավորների եւ փաստաբանների դեմ, քանի որ իրեն այդպես էլ չեն լսել դատարանում որպես վկա:

«Ես ամաչելու կամ թաքցնելու բան չունեմ: Ես խնդրում եմ, որպեսզի Միլանի դատավորները լսեն ինձ եւ հույս ունեմ, որ նրանք կկանչեն ինձ… Ես մարմնավաճառ չեմ… Հարվածելով Բեռլուսկոնիին, լրատվամիջոցները վնասեցին նաեւ ինձ»,-ասել է Ռուբին՝ հավելելով, որ ներողություն է խնդրում իր կողմից նախկինում ասված բոլոր ստերի համար, որն «անհրաժեշտ է եղել զուգահեռ կյանք կառուցելու համար», որը կտարբերվեր իր նախորդ աղքատ գոյությունից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Բեռլուսկոնիի դեմ դատական գործընթացն սկսվել է 2011 թվականից: ՔՆնության տվյալներով՝ նա ինտիմ կապ է ունեցել Ռուբիի հետ, երբ վերջինս դեռ 18 տարեկան չի եղել: Դրա համար Ռուբին թանկարժեք նվերներ եւ դրամական փոխհատուցում է ստացել:

Անչափահաս աղջկա մասնակցությամբ երեկույթները տեղի են ունեցել նախկին վարչապետի Միլանի մոտ գտնվող Արկոնե առանձնատանը: Սպասվում է, որ այս գործով դատական նիստերը կվերսկսվեն ապրիլի 20-ին: