Բուլղարիայի հիմնական կրոնական համայնքներն առաջիկա ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին Բուրղարիայի նախագահի նախաձեռնությամբ կաղոթեն խաղաղության, առողջության եւ բարեկեցության համար։ Այս մասին Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլեւնելիեւը հայտարարել է ապիլի 4-ին երկրի կրոնական հիմնական համայնքների ներկայացուցիչների, այդ թվում նաեւ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Ռուբեն Հովհաննես Գրիգորյանի հետ հանդիպումից հետո, հաղորդում է FOCUS լրատվական գործակալությունը։

Բուլղարական պետության ղեկավարի խոսքով՝ աղոթելու պատճառ է դարձել բուլղարացիներին պատած հուսահատությունն ու դրա արդյունքը, որն արտահայտվում է ինքնահրկիզման ու ինքնասպանությունների ալիքի միջոցով։ «Բուլղարացիներն ավելի շատ հավատի կարիք ունեն։ Դժվարությունները հաղթահարելու համար մեզ ավելի շատ հավատ է պետք։ Հավատն այժմ մեզ կօգնի հավատալ մեր ուժերին ու ապագային»,– ասել է Ռոսեն Պլեւնելիեւն՝ ավելացնելով, որ կրոնի դերն այս պահին շատ կարեւոր է ճգնաժամի ընթացքում երկիրը ղեկավարելու համար։ «Համերաշխությունն անհրաժեշտ է երկրի համար այս դժվար պահին»,– ասել է նախագահը։