Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան Արգենտինայի ղեկավար Քրիստինա Քիրշներին անվանել է «ծեր կախարդ», հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով  El Observador-ին:

El Observador-ը գրում է, որ ապրիլի 4-ին Մուխիկան մամուլի ասուլիսի սկսվելուց առաջ զրուցել է իր ենթականերից մեկի հետ: Չնկատելով, որ խոսափողն արդեն միացված է, նա արտաբերել է` «այդ ծեր կախարդն այն շիլաչքից ավելի վատն է»:

Մուխիկայի արտահայտությանն անմիջապես արձագանքել են Հարավային Ամերիկայի բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք ենթադրել են, որ Մուխիկայի արտահայտությունը վերաբերվում է Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշներին եւ նրա հանգուցյալ ամուսին Նեստոր Քիրշներին, որը նրա նախորդն էր Արգենտինայի նախագահի պաշտոնում եւ վախճանվել էր 2010թ.:

Buenos Aires Herald-ը գրում է, որ Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Ուրուգվայի դեսպանին եւ բողոքի նոտա հանձնել: Բացի դրանից, Արգենտինայի ԱԳՆ-ն  Ուրուգվայի նախագահի արտահայտությունն անվանել է  «անընդունելի» եւ  հանգուցյալ Նեստոր Քիրշների «հիշատակն անարգող»: Քրիստինա Քիրշները զերծ է մնացել մեկնաբանություններից: 

Agence France-Presse –ը հաղորդում է, որ լրատվամիջոցներում այս լուրի հայտնվելուց մի քանի ժամ անց, Ուրուգվայի նախագահը հայտնել է, որ իր խոսքերը Քրիստինա Քիրշներին եւ նրա հանգուցյալ ամուսնուն չեն վերաբերել: Նա հավելել է, որ մտադիր չէ այդ առիթով որեւէ բան բացատրել կամ արդարանալ: