«Որեւէ հարկային բեռի կամ սոցիալական լարվածության մասին խոսք չկա»,-փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ նկատի ունենալով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ պատգամավորների քննադատությունները:

Հիշեցնենք, որ ըստ այդ օրինագծի, նախատեսվում է նոր 10 տեղական հարկատեսակներ սահմանել, որոնց շարքում պարտադիր են միայն հողի հարկն ու գույքահարկը: Ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ տեղական ինքնակառավարման մարմինները դեռ պատրաստ չեն այդ փոփոխությանը, եւ սրանով կառավարությունը հարկերի հավաքագրման բեռը իր վրայից հանում է եւ դնում ՏԻՄ-երի վրա:

«Պարտադիր կիրառման հարկեր են սահմանվել գույքահարկն ու հողի հարկը, ոչ պարտադիր կամ կամավոր հարկատեսակների համար տրվել էր մի ցանկ` 8 հարկատեսակով, որոնք ներկայացված էին օրենքի նախագծում: Դրանցից յուրաքանչյուրի համար նախատեսվում է, որ կընդունվեն առանձին օրենքներ, որոնք կնկարագրեն այդ հարկատեսակները, կտրվեն դրանց հստակ սահմանումները, և կնշվեն այն դրույքաչափերը, որոնցով որ այդ հարկատեսակները պիտի գործեն»,- մանրամասնել է Վաչե Տերտերյանը: