Իտալիայի ոստիկանությունը կալանավորել է հոգեւորականին 4 մլն եվրո յուրացնելու մեղադրանքով, որը տրամադրվել էր կաթոլիկ եկեղեցու ենթակայության տակ գտնվող Հռոմի հիվանդանոցի ֆինանսավորման համար:
Հոգեւորական Ֆրանկո Դեկամինադան կալանավորվել է նախօրեին Տոսկանայի իր առանձնատանը, որն, ըստ իրավապահների, կառուցվել է յուրացված գումարներով: Հոգեւորականը, ով մինչեւ 2011 թվականը ղեկավարել է հիվանդանոցը, տնային կալանքի տակ է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Քննության տվյալներով՝ Դեկամինադան ոչ միայն խոշոր գումար է յուրացրել, այլեւ այնպես է վարել հիվանդանոցի գործերը, որ վերջինս տարբեր ծառայություններից մոտ 600 մլն եվրո է պարտք վերցրել:
Հիվանդանոցի նյութական վիճակը կարգավորելու մի քանի անհաջող փորձերից հետո Վատիկանը հրաժարվել է հետագա ֆինանսավորումից: Նախորդ շաբաթ Հռոմի դատարանը հիվանդանոցը սնանկ է ճանաչել:



























