Դոմինիկյան Հանրապետությունում թմրանյութերի շրջանառությունը վերահսկող Ազգային վարչության աշխատակիցներն առգրավել են  174 կիլոգրամ կոկաին: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով «Լիսթին Դիարիո» թերթը:

168 փաթեթների մեջ տեղավորված անօրինական ապրանքը հայտնաբերվել է Բոկա Չիկա քաղաքի Կաուսեդո նավակայանի բեռնատար տերմինալի տարածքում  գտնվող կոնտեյներում:

Վերջին օրերի ընթացքում այս դեպքը  Դոմինիկյան Հանրապետությունում իրավապահ մարմինների կողմից հայտնաբերված արդեն երկրորդ խոշոր «փայն է»: Ապրիլի 3-ին նույն տերմինալից առգրավվել է կոկաինի 198 փաթեթ: Դրանք կակաոյի հետ տեղադրված են եղել Իտալիայի Գենուա քաղաք տեղափոխվող կոնտեյներում: Միացյալ գործողության մեջ մասնակցել են զինված ուժերի ծառայակիցներն ու ոստիկանությունը, ինչպես նաեւ մաքսատան աշխատակիցներն ու  նավահանգստի անվտանգության ծառայության հատուկ կորպուսը: