Հազար մղոն հեռավորությամբ ճամփորդությունը սկսվում է ընդամենը մեկ քայլով, բայց սկսելով այս շաբաթ՝ մենք կարող ենք հազար օր առաջ ընթանալ դեպի նոր ապագա: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ուղերձում
«Ապրիլի 5-ին աշխարհը կհասնի մարդկության ողջ պատմության ընթացքում աղքատության դեմ ամենալայնածավալ եւ ամենահաջողված պայքարի կենսականորեն կարեւոր պահին. 1000 օր կմնա մինչ Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու սահմանված ժամկետը:
Այս ութ հստակ նպատակները սահմանվել են 2000 թվականին, երբ աննախադեպ մեծ թվով ղեկավարներ հավաքվեցին ՄԱԿ-ում եւ համաձայնության եկան համաշխարհային աղքատությունը եւ սովը կիսով չափ կրճատելու, կլիմայի փոփոխության եւ վարակների դեմ պայքարելու, մաքուր ջրամատակարարման բացակայության եւ ջրահեռացման խնդիրները լուծելու, կրթության ոլորտում հնարավորություններն ընդլայնելու եւ կանանց եւ աղջիկների առջեւ հնարավորությունների դռները բացելու շուրջ:
Առաջին անգամը չէր, որ ղեկավարները բարձրագոչ խոստումներ էին տալիս: Հոռետեսներն ակնկալում էին, որ ՀԶՆ-ներից հետ կկանգնեն՝ դրանց՝ չափազանց հավակնոտ լինելու պատճառով: Փոխարենը, նպատակներն օգնեցին հաստատել համաշխարհային եւ ազգային առաջնահերթություններ, համախմբել գործողությունները եւ նշանակալի արդյունքների հասնել:
Անցած տասներկու տարվա ընթացքում 600 միլիոն մարդ դուրս է եկել ծայրահեղ աղքատությունից՝ այսպիսով աղքատների թիվը կիսով չափ կրճատվել է: Ռեկորդային թվով երեխաներ սովորում են տարրական դպրոցում, ընդ որում՝ առաջին անգամ աղջիկների եւ տղաների թիվը հավասար է: Մայրական եւ մանկական մահացության ցուցանիշը նվազել է: Մալարիայի, ՄԻԱՎ/ՁԻԱՀԻ եւ տուբերկուլոզի դեմ պայքարում նպատակաուղղված ներդրումները փրկել են միլիոնավոր կյանքեր: Միայն վերջին վեց տարվա ընթացքում Աֆրիկայում մեկ երրորդով կրճատվել է ՁԻԱՀ-ի հետեւանքով մահացությունների թիվը:
Դեռեւս բազում նպատակներ կան, որոնց հարցում մենք ավելի մեծ առաջընթացի կարիք ունենք: Չափազանց մեծ թվով կանայք դեռեւս մահանում են ծննդաբերության ժամանակ, մինչդեռ մենք ունենք նրանց փրկելու բոլոր միջոցները: Չափազանց մեծաթիվ համայքներ դեռեւս զուրկ են ջրամատակարարման եւ ջրահեռացման հիմնական համակարգից, ինչի հետեւանքով ոչ մաքուր ջուրը դարձել է մահացու վտանգ: Աշխարհի տարբեր վայրերում՝ ինչպես հարուստ, այնպես էլ աղքատ, դեռեւս աճում է անհավասարությունը մարդկանց միջեւ: Չափազանց մեծ թվով մարդիկ դեռեւս անտեսված են:
Գործողությունները խթանելու համար միջազգային հանրությունն այժմ պետք է չորս քայլ կատարի:
Առաջին՝ հավասարաչափ մեծացնել հաջող գործունեության ծավալները՝ բազմապատկող հատկություն ունեցող ստրատեգիական եւ նպատակաուղղված ներդրումների միջոցով, ինչը կնպաստի բոլոր մյուս ոլորտներում ավելի մեծ արդյունքերի արձանագրմանը.
• ապահովել մեկ միլիոն համայնքային առողջապահական աշխատողներ Աֆրիկայում, ովքեր կսպասարկեն դժվարհասանելի տարածքները եւ մայրերին ու երեխաներին կփրկեն հեշտությամբ կանխարգելելի եւ բուժվող հիվանդություններից մահանալուց.
• մեծացնել ներդրումների ծավալները ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտում.
• առողջության առաջնային պահպանման ծառայությունների, այդ թվում՝ մանկաբարձական անհետաձգելի օգնության համընդհանուր հասանելիություն.
• ապահովել համապատասխան նյութեր եւ ահրաժեշտ պարագաներ՝ ՄԻԱՎ-ի եւ մալարիայի դեմ պայքարի համար:
Կանանց եւ աղջիկներ համար կրթության, առողջապահության, սնուցման եւ տնտեսական հնարավորությունների ոլորտներում հավասար հասանելիության ապահովումը բոլոր նպատակների համար առաջընթացի ամենահզոր շարժիչ ուժերից է:
Երկրորդ՝ պետք է ուշադրությունը սեւեռել ամենաաղքատ եւ ամենախոցելի երկրների վրա, որտեղ ապրում է 1,5 միլիարդ մարդ: Այս երկրներին կրնկակոխ հետապնդող սովը, հակամարտությունները, ոչ արդյունավետ պետական կառավարումը եւ լայնածավալ կազմակերպված հանցագործությունները նրանց համար չափազանց դժվար են դարձնում առաջընթացի հասնելը՝ չնայած գործադրված բոլոր ջանքերին: Նրանցից շատերը չեն հասել հազարամյակի զարգացման նույնիսկ մեկ նպատակի: Ներդրումներ կատարելով այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Սահելը, Աֆրիկյան Եղջյուր թերակղզին եւ Կենտրոնական Ասիան, մենք կարող ենք նպաստել տնտեսական զարգացման, մարդկանց անվտանգության եւ խաղաղաշինության արդյունավետ շղթայի խթանմանը:
Երրորդ՝ մենք պետք է կատարենք ֆինանսական խոստումները: Բյուջեն չի կարող հավասարակշռված լինել ամենաաղքատների եւ ամենախոցելիների հաշվին: Դա անընդունելի է բարոյական տեսանկյունից, եւ դա չի օգնի ոչ դոնորին, ոչ էլ շահառուին: Չնայած դաժան ժամանակներին՝ շատ երկրներ օրինակելիորեն կատարել են իրենց հանձնառությունները: Անցումային տնտեսություն ունեցողների շրջանում եւս ի հայտ են գալիս դոնորներ: Մենք պետք է ողջունենք այսօրինակ ջանքերը եւ խրախուսենք՝ անելու ավելին:
Չորրորդ՝ մինչեւ վերջնաժամկետը մնացած 1000 օրվա ընթացքում պետք է կոչ արվի համաշխարհային շարժման, որը կներառի բոլորին՝ կառավարություններից մինչեւ ստորին մակարդակի կառույցներ, որոնց դերն այնքան վճռորոշ է եղել հաջողության հասնելու հարցում: Մենք նաեւ պետք է գործի դնենք տեխնոլոգիաների եւ սոցիալական մեդիայի ողջ ներուժը - հնարավորություններ, որոնք առկա չէին, երբ դարասկզբին սահմանվեցինՀազարամյակի զարգացման նպատակները:
Հազարամյակի զարգացման նպատակները ցույց տվեցին, որ համաշխարհային զարգացման կենտրոնացված նպատակները կարող են հիմնարար փոփոխություններ անել: Դրանք կարող են մոբիլիզացնել, միավորել եւ ոգեշնչել: Դրանք կարող են զարկ տալ նորարարությանը եւ փոխել աշխարհը:
Հաջորդ հազար օրերի հաջողությունը ոչ միայն կբարելավի միլիոնավոր մարդկանց կյանքը, այլեւ խթան կհանդիսանա, մինչ մենք ծրագրեր ենք կազմում 2015-ից հետո իրականացվելիք գործողությունների եւ կայուն զարգացման մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ:
Շատ անավարտ գործեր կլինեն: Սակայն կայուն զարգացման նպատակների հաջորդ սերունդը սահմանելիս մենք կարող ենք խորապես ոգեշնչվել հազարամյակի զարգացման նպատակների իրագործման փորձով, այն է՝ քաղաքական կամքի առկայության պայմաններում ծայրահեղ աղքատության հաղթահարումը հասանելի է եւ մեր ուժերի սահմաններում:
Եկեք առավելագույն օգուտ քաղենք հաջորդ 1000 օրերից եւ կատարենք Հազարամյակի հռչակագրում ամրագրված մեր խոստումը»,- նշել է նա:




























