Ընդդիմադիր խմբակցության 70 պատգամավորներ  փակել են Ուկրաինայի Գերագույն ռադայի ամբիոնը: Խորհրդարանականներն իրենց պահանջներով ցուցապաստառներ են կախել, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Դրանցում գրված են. «Կիեւում օրինական ընտրություններ կլինեն», «Պաշտոնանկ անել Յանուկովիչ-Ազարովի կառավարությունը», «Պահանջում ենք կասեցնել կենսաթոշակային բարեփոխումը»:

«Ես աշխատելու  ոչ մի հնարավորություն չեմ տեսնում՝ դատելով պաստառներից, որոնք դահլիճում կախել են մի քանի տասնյակ մարդիկ», -ասել է  «Ռեգիոնների կուսակցության» խմբակցության առաջնորդ Ալեքսանդր  Եֆրեմովը՝ պատասխանելով հարցին, թե աշխատելո՞ւ է արդյոք այսօր խորհրդարանը:

Ալեքսանդր Եֆրեմովը նաեւ նշել է, որ խորհրդարանական մեծամասնությունը պատրաստ է աշխատանքին:

Ընդդիմությունն արգելափակում է խորհրդարանի ամբիոնն ապրիլի 2-ից` պնդելով իր պահանջների կատարումը, որոնք մասնավորապես վերաբերում են Կիեւի քաղաքապետի ընտրության ժամկետի նշանակմանը, կենսաթոշակային բարեփոխման վերացմանը եւ Նիկոլայ Ազարովի կառավարության նկատմամբ անվստահություն հայտնելուն: