Ապրիլի 4-ին Նյու Յորքում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել Գիտության եւ կրթության հայ ազգային հիմնադրամի նախագահ, Կորնելի համալսարանի աստղագիտության դեպարտամենտի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի մեծարման երեկոն, որի ընթացքում ականավոր գիտնականին հանձնվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված Անանիա Շիրակացիի մեդալը:
Ելույթ ունենալով հանձնման արարողությունից առաջ՝ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը խոսել է Հայաստանի զարգացման ծրագրերում hիմնադրամի ունեցած դերակատարման մասին եւ նշել, որ Հայաստանի նախագահը եւ կառավարությունը մեծապես կարեւորում են հայ ազգային գիտական ներուժի, նորամուծությունների օգտագործումը, որոնք կարող են Հայաստանը մղել դեպի տնտեսական, գիտական եւ կրթական բարձր մակարդակներ՝ նոր թափ հաղորդելով երկրի կայուն զարգացմանը:
Դեսպանը նաեւ անդրադարձել է տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում հայ գիտնականների ու համաշխարհային հանրահայտ կենտրոնների միջեւ ծավալված համագործակցությանն ու նշել, որ այդ գործընթացի, ինչպես նաեւ միջազգային գիտական այլ փոխանակումների հաջողության գրավականներից է պրոֆեսոր Թերզյանի եւ հիմնադրամի մյուս նվիրյալ անդամների ու իրենց հայաստանաբնակ գործընկերների միջեւ գիտական հարցերի շուրջ երկխոսության, ինչպես նաեւ դրամաշնորհների ու մրցույթների միջոցով երիտասարդ գիտնականների եւ հետազոտողների համար խրախուսման եւ աջակցության ծրագրերի շարունակականությունը:
Երեկոյին ներկա էին ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Կարնեգի կորպորացիայի նախագահ՝ Վարդան Գրիգորյանը, Բոստոնի համալսարանի պատվավոր նախագահ պրոֆ. Լեւոն Չոբանյանը, «Տավիտյան» հիմնադրամի նախագահ Ասո Տավիտյանը, հայ եւ օտար գիտնականներ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
Նշենք, որ Գիտության եւ կրթության հայ ազգային հիմնադրամը (The Armenian National Science and Education Fund) գործում է Նյու Յորքում՝ Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո: Հիմնադրամը ֆինանսական եւ նյութական միջոցների տրամադրման ճանապարհով նպաստում է Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին եւ ակադեմիական աշխատանքներին, խրախուսում գիտական եւ ինտելեկտուալ կարողությունների բարձրացմանը՝ հայ եւ օտար գիտնականների միջեւ համագործակցության եւ միջազգային փոխանակման ծրագրերի միջոցով:



























