Հնդկաստանում մահապատժի է դատապարտվել Սանտուշ Մանեն` ավտոբուսի վարորդը, ով 2012թ. հունվարին Պունա քաղաքում վրաերթի էր ենթարկել 9 մարդու եւ վնասվածքներ հասցրել 37-ին: Մանեի պաշտպանները փորձում էին նրան անմեղսունակ ներկայացնել, սակայն փաստաբաններին չի հաջողվել ապացուցել դա: Դատարանը վճռել է, որ վարորդը գործել է գիտակցաբար եւ հատուկ քշել է մարդկանց վրա:
2012թ. հունվարի 25-ի առավոտյան Մանեն,առեւանգելով ավտոբուսը, դուրս է եկել Պունայի փողոցներ: 45 րոպեի ընթացքում նաեւ քշել է քաղաքով եւ փորձել հնարավորինս ավելի շատ մորդու գցել մեքենայի տակ: Արդյունքում զոհվել է 9 մարդ, վիրավորվել են եւս 37-ը: Վարորդը նաեւ վնասել էր մեկ տասնյակ մեքենաներ:
Ոստիկանությունը հետապնդել է Մանեին եւ կրակել ավտոբուսի վրա, սակայն նրան կարողացել է կանգնեցնել միայն քոլեջի մի ուսանող, ով հընթացս ներխուժել է վարորդի խցիկ եւ խոչընդոտել է հանցագործին:
Սանտուշ Մանեն, ով այժմ 39 տարեկան է, ավտոբուսի վարորդ է եղել 11 տարի: Դատարանում պարզվել է, որ դեպքից առաջ նա խնդրել էր ղեկավարությանը` կրճատել իր աշխատաժամանակը, սակայն մերժում էր ստացել:




























