Ռուսաստանի մուտքը ՆԱՏՕ այսօր ավելի իրատեսական է, քան տասը տարի առաջ։ «Կոմերսանտ» թերթի հետ ունեցած հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը։

Ինչպես նա նկատել է, երբ Դաշինքն ինքն էր ղեկավարում, նրա մեջ մտնում էին 19 երկրներ, իսկ այսօր արդեն ՆԱՏՕ-ի կազմում կա 27 պետություն։

«Այսօր ՆԱՏՕ-ին են ուզում միանալ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չեռնոգորիան, Բոսնիան, Սերբիան եւ Մոլդովան։ Եվ երբ նրանց թեկնածությունները հաստատվեն, Եվրոպայում անվտանգության նոր տիպի կազմակերպություն կստեղծվի։ Իմ կարծիքով, Ռուսաստանն, անշուշտ, այդ գործընթացի մասը կդառնա»,- կարծում է Ռոբերտսոնը։

Ինչպես նա նշել է, Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն համախոհներ են եւ ոչ թե թշնամիներ, եւ այն վտանգները, որ վերաբերում են Հյուսիսատլանտյան դաշինքին, վերաբերում են նաեւ Ռուսաստանին։

«Միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, կրոնական ծայրահեղականության եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ մենք պետք է միասին պայքարենք»,- ավելացրել է նա։