Քալիֆորնիայի Բրբենք քաղաքում երկու հայերի մանր գողության մեղադրանք է ներկայացվել Բրբենքի Միավորված դպրոցական խորհրդի թեկնածու Շարլին Թաբեի նախընտրական պաստառները գողանալու համար, հաղորդում է «Burbank Leader»-ը:
Սեւադա Իսայանին եւ Վահե Ասարյանին նկատել են, երբ նրանք հեռացել են խորհրդին նախկին անդամ Դենիզ Ուիլքոքսի շենքի մոտից` Թաբեի պաստառներով: «Նրանք դուրս եկան մեքենայից եւ հափշտակեցին պաստառները»,-պատմել է Ուիլքոքսը:
Դպրոցական խորհրդի նախկին անդամը, ով մի քանի նախընտրական արշավ է անցել, հայտարարել է, թե վրդովված է «նախընտրական արշավի վրա ազդելու հերթական փորձից»: Նրա խոսքով, եթե այդ գողության ետեւում որեւէ թեկնածուն է կանգնած, ապա նա պետք է դուրս գա նախընտրական արշավից:
Իսայանին եւ Ասարյանին սպառնում է մինչեւ վեց ամսվա ազատազրկում եւ 1000 դոլար տուգանք: Ենթադրվում է, որ նրանք դատարանի առջեւ կկանգնեն այս ամսվա վերջին:




























