Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Քամերոնին՝ Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի մահվան կապակցությամբ:
«Ձերդ Գերազանցություն,
Մեզ խորապես վշտացրեց Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի մահվան լուրը:
Նա անջնջելի հետք է թողել ոչ միայն որպես Միացյալ Թագավորության զորացման գործում մեծ ավանդ ունեցող վարչապետ, այլեւ միջազգային ասպարեզում բարձր հեղինակություն վայելող պետական եւ քաղաքական գործիչ:
Մարգարեթ Թեթչերի սկզբունքայնությունն ու հետեւողականությունը, վառ անհատականությունը, իր երկրին անմնացորդ ծառայելու նվիրումը լեգենդի են վերածվել դեռ նրա կենդանության օրոք եւ ոգեշնչել շատ քաղաքական գործիչների:
Հայաստանում լավ են հիշում աղետալի երկրաշարժի օրերին նրա առաջնորդությամբ Միացյալ Թագավորության անունից հայ ժողովրդին ցուցաբերված աջակցությունը եւ նրա այցելությունը աղետի գոտի:
Խորին վշտակցություն եմ հայտնում Միացյալ Թագավորության կառավարությանը եւ ժողովրդին, Մարգարեթ Թեթչերի հարազատներին եւ մերձավորներին` անդառնալի կորստի կապակցությամբ»,-ասված է նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:




























